Վրաստանը շատ է ուզում ՆԱՏՕ-ի անդամ դառնալ. Ռասմուսենը խոստացել է Ուելսում նշել նրա հաջողությունները

Վրաստանը շատ է ուզում ՆԱՏՕ-ի անդամ դառնալ. Ռասմուսենը խոստացել է Ուելսում նշել նրա հաջողությունները

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, լինելով Լոնդոնում ՆԱՏՕ-ի սեպտեմբերի 4-ին մեկնարկող գագաթնաժողովի նախօրեին, հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին: Այդ հայտարարությունը նա արել է Chatham House-ում ելույթի ժամանակ:

Հայտարարությունն ամրագրվում է Վրաստանի խորհրդարանի որոշմամբ, որը բանաձև է ընդունել Ուկրաինայի վերաբերյյալ՝ կետերից մեկում նշելով, որ անհրաժեշտ է արագացնել Վրաստանի անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին:

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ Վրաստանի խորհրդարանը «կոչ է անում ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին արդյունավետ միջոցներ ձեռնարկել անվտանգության ապահովման համար ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Վրաստանում ու Մոլդովայում, և այդ նպատակով արագացնել նրանց ինտեգրումը դաշինքին», ասվում է փաստաթղթում:

Ուկրաինայի վերաբերյալ բանաձևում ասվում է նաև, որ «Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը»:

Ելնելով դրանից, Վրաստանի խորհրդարանը «համերաշխություն է հայտնում Ուկրաինայի ժողովրդին և իշխանություններին, միանշանակ սատարելով Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է RFI-ն:

Սեպտեմբերի 4-ին Քարդիֆում Մարգվելաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ և հայտարարել է, որ Դաշինքը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում:

«Դաշինքը դրական է գնահատում Վրաստանի հաջողությունները ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին, դա կնշվի գագաթնաժողովում, ինչպես նաև նոր խթան կհանդիսանա ինտեգրման համար»,-ասել է իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի համար նախատեսված առաջարկների փաթեթը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Ըստ Ֆոգ Ռասմուսենի, նշված փաթեթի իրականացումն էլ ավելի կմերձեցնի Վրաստանին դաշինքի հետ: Իր հերթին Մարգվելաշվիլին հույս է հայտնել առ այն, որ գագաթնաժողովի ավարտին Վրաստանի անվտանգությունը կաճի:

Ինչպես ակնկալվում է, հայտնում է Ռոսբալտը, Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Վրաստանը այլ 5 երկրների ցանկում «ոսկե քարտ» կստանա և կդիտարկվի որպես «թիվ մեկ գործընկեր», որը ամենաբարձր դիրքն է անդամակցության բացակայության պարագայում: Այդ կարգավիճակը, որն ավելի հասանելի կդարձնի հետախուզական տվյալները, կընդլայնի մասնակցությունը զորավարժություններին ու ռազմական գործակցության մյուս ոլորտներին, կտրամադրվի Վրաստանին, Շվեդիային, Ֆինլանդիային, Ավստրալիային և Հորդանանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---