Freedom House-ի ղեկավարը կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. Վիճակը սարսափելի է

Freedom House-ի ղեկավարը կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. Վիճակը սարսափելի է

PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան միջազգային կազմակերպության ղեկավար Դևիդ Կրամերը վրդովեցուցիչ է համարում մարդու իրավունքների հետ կապված վիճակն Ադրբեջանում և կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության դեմ:

«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նա նշել է, որ չի հասկանում, թե ինչու Բելառուսի ու Ռուսաստանի պարագայում, որտեղ քաղբանտարկյալներն ավելի քիչ են, քան Ադրբեջանում, պատժամիջոցներ կիրառվեցին, իսկ Ադրբեջանի կառավարության դեպքում դա չի արվում:

Ըստ Կրամերի, Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը հեռացնում է երկիրն այն արժեքներից, որոնցով ղեկավարվում են ԱՄՆ-ն ու Եվրոպան:

«Մենք տեսնում ենք, որ այլախոհները դաժան հետապնդումների են ենթարկվում: Ինձ թվում է՝ դա կապված է լարվածության հետ ռամաճակատում: Իշխանությունները չարաշահում են լարվածությունն առաջնագծում և սաստկացնում են ճնշումը երկրի ներսում: Իրավապաշտպաններին ու ակտիվիստներին մեղադրում են հօգուտ Հայաստանի լրտեսելու մեջ: Ձերբակալությունների քանակն աճում է և դա սարսափելի է»,-ասել է նա: Կրամերը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է պատժամիջոցներ սահմանի ինչպես առանձին ադրբեջանցի պաշտոնյաների, այնպես էլ ընդհանուր առմամբ Ադրբեջանի դեմ:

«2012 թվականին ռուս պաշտոնյաների դեմ ընդունվեց Մագնիտսկու ակտը: Բելառուսում ընդամենը 9-10 քաղբանտարկյալ կա: Ըստ «Մեմորիալ» ընկերության հաշվարկների, քաղբանտարկյալների քանակը Ռուսաստանում մոտ 45 է: Իսկ շատ ավելի փոքր Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասնում է 100-ի: Ժամանակն է ուշադրություն դարձնել Ադրբեջանի վրա: Ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք մասնակից են մարդու իրավունքների խախտումներին, պետք է կազմվի Մագնիտսկու ցուցակ: Ցավոք, Ադրբեջանն ինքն էլ է վերածվում այդ ցուցակում ընդգրկվելու թեկնածուի»,-ասել է Կրամերը:

Կրամերը նաև համեմատում է Ադրբեջանի վարած քաղաքականությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության հետ:

«Կրեմլը վերածվել է վատ օրինակի ամբողջ հետխորհրդային տարածքի համար: Սակայն դա չի ազատում պատասխանատվությունից ադրբեջանական իշխանություններին: Կարծում եմ, Ադրբեջանում այդ հետապնդումները կսկսվեին անկախ նրանից, թե ինչ է այսօր կատարվում Ռուսաստանում»,-ասել է նա:

Ըստ Կրամերի, Ադրբեջանը հայտնվում է երկրների որոշակի կատեգորիայում:

«Տնտեսական, էներգետիկ ու անվտանգության հարցերի տեսակետից Ադրբեջանն, անշուտշ, կարևոր է ԱՄՆ համար: Ադրբեջանը մասնակցում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին և հանդես է գալիս որպես տարանցիկ երկիր ՆԱՏՕ-ի բեռների համար, որոնք դուրս են բերվում Աֆղանստանից: Պաշտոնական Բաքուն սիրում է կրկնել, որ իրենք անում են այդ ամենը բարդ հարևանություն ունենալով այլ երկրների հետ: Սակայն դա չի կարող արդարացնել մարդու իրավունքների խախտումը երկրի ներսում: Ադրբեջանը հեռանում է այն արժեքներից, որոնցով մենք ենք ղեկավարվում: Կառավարության հետ, որը հետապնդում է քաղաքացիական հասարակությունը, բռնի ուժով իր կամքն է պարտադրում և սահմանափակում է տարածքը քաղաքակիրթ հասարակության համար, շատ բարդ է նորմալ հարաբերություններ պահպանելը»,-ասել է նա:

Դևիդ Կրամերը նաև կոչ է արել միջազգային հանրությանը վերանայել Ադրբեջանի նախագահության հարցը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում, քանի որ երկիրը չի համապատասխանում սկզբունքներին, որոնցով ղեկավարվում է այդ կազմակերպությունը, հայտնում է Haqqin.az-ը:

Ինչպես արդեն ասվել է, Ադրբեջանի կառավարությունը, որտեղ վաղուց արդեն ողբալի վիճակ է ստեղծվել մարդու իրավունքների ոլորտում, անհանդուրժող պայքար սկսեց կառավարության քննադատաների ու անկախ խմբեի դեմ 2013 թ. նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, և այդ օրվանից ի վեր ճնշումը գնալով աճում է: Վերջին երկու տարում իշխանությունները ձերբակալել ու բանտ են նետել առնվազն 40 լրագրողի, քաղաքացիական անձանց ու ակտիվիստների շինծու մեղադրանքների հիման վրա, այդ թվում, խուլիգանության, հարկերից խուսափելու, թմրանյութերի ապօրինի շրջանառության, նույնիսկ պետական դավաճանության մեղադրանքներով: Ադրբեջանում եկամուտների թափանցիկության ոլորտում աշխատող անկախ խմբերը բախվեցին սահմանափակումների, որոնք խոչընդոտում են նրանց աշխատանքին: Վերջին ամիսներին նրանց վիճակը վատթարացավ, քանի որ կառավարությունը սառեցրեց նրանց բանկային հաշվեհամարները կամ հրաժարվեց գրանցել նրանց դրամաշնորհները: Ճնշումներն ու սահմանափակումները ստիպեցին կոալիցիայի անդամների մեծ մասին կասեցնել գործունեությունը: Ֆինանսավորման արգելքը կառավարության ավելի մեծ ջանքերի մասն է միայն, որը մայիսից ի վեր ջանում է ճնշել անկախ խմբերի գործունեությունը:

Կառավարությունը սառեցրել է ՈԿԿ-ներից շատերի բանկային հաշվեհամարները և թույլ չի տալիս նրանց նոր դրամաշնորհներ ստանալ օտարերկրյա դոնորներից: Օգտագործվում են օրենսդրական սահմանափակումներ, որ ընդունվել են այս տարվա փետրվարին: Իշխանությունները նաև սկսել են քաղաքական աստառ ունեցող դատավարություններ իբր հարկերից խուսափելու կամ այլ մեղադրանքներով: Այս ամենը վերաբերում է մոտ 20 ՈԿԿ-ների:

Արդյունահանող ոլորտւների թափանցիկության նախաձեռնության (ԱՈԹՆ) Ամենաակտիվ խմբերի մոտ կեսը դադարել է գործել 2014-ի հուլիսից, քանի որ զրկվել է ֆինանսավորումից: Մյուս խմբերը զրպարտանքի ու հետապնդումների թիրախ են դարձել: Հյուրանոցներն ու այլ կառույցները տարածք չեն տրամադրում նրանց միջոցառումների համար: Այդպիսով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրաբար խախտում են ԱՈԹՆ հիմնական սկզբունքը՝ քաղաքացիական հասարակության անարգել մասնակցությունը բնական պաշարների կառավարման շուրջ հասարակական բանավեճին: ԱՈԹՆ վարչությունը դեռ 2013-ի մայիսին դիմել էր նախագահ Ալիևին` կոչ անելով օրենսդրական սահմանափակումներ չսահմանել ՈԿԿ-ների հանդեպ: Սակայն, Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները վստահեցնում էին, որ իրավական սահմանափակումները խոչընդոտներ չեն ստեղծի քաղաքացիական հասարակության համար: ԱՈԹՆ կանոնները թույլ են տալիս կասեցնել ցանկացած մասնակից երկրի մասնակցությունը կամ նույնիսկ վտարել «ԱՈԹՆ կարևոր սկզբունքների ու պահանջների» խախտման համար: Կանոնները թույլ են տալիս նվազեցնել մասնակից երկրի կարգավիճակն ու ժամկետ սահմանել իրավիճակի բարելավման համար:

2013-ի հոկտեմբերին նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը մեծ արշավ սկսեց քաղաքական ընդդիմախոսների ու ակտիվիստների դեմ: 2013-ի դեկտեմբերին խորհրդարանը հաստատեց ՈԿԿ-ներին առնչվող մի շարք օրենքներում ուղղումների վերաբերյալ մեծ ու շատ վիճահարույց փաթեթը, իսկ նախագահը ստորագրեց 2014-ի փետրվարին: Այդ ուղղումները թույլ տվեցին իշխանություններին հետապնդել անկախ խմբերին: 2014-ի կեսին կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները՝ հուլիսի 30-ին ձերբակալվեց Լեյլա Յունուսը, հետո նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը: Օգոստոսի 2-ին ձերբակալվեց Ռասուլ Ջաֆարովը, ևս մեկ ականավոր իրավապաշտպան և կառավարության քննադատ: Օգոստոսի 8-ին ձերբակալվեց իրավաբան իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը: Այդ ձերբակալությունները բացասական ազդեցություն ունեցան, ահաբեկելով երկրի ամբողջ քաղաքացիական հանրությանը, նշում է Human Rights Watch-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---