The Daily Beast. ՆԱՏՕ-ական Թուրքիան գաղտնի սատարո՞ւմ է «Իսլամական պետության» ահաբեկիչներին

The Daily Beast. ՆԱՏՕ-ական Թուրքիան գաղտնի սատարո՞ւմ է «Իսլամական պետության» ահաբեկիչներին

PanARMENIAN.Net - Դիզելային վառելիքը «Իսլամական պետություն» խմբակցության եկամուտների հիմնական աղբյուրներից մեկն է: Սիրիայում և Իրաքում պատերազմող խմբավորումը վաստակում է այդ թվում նաև վառելիքի հազարավոր տոննաներ վաճառելով հարևան Թուրքիային, գրում է ամերիկյան The Daily Beast-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ երկիրն առնվազն լռելյայն աջակցել է Սիրիայում Բաշար Ասադի դեմ կռվող խմբավորումներին: Օտարերկրացիներից շատերը Սիրիա են հասել հենց Թուրքիայի տարածքով: Սակայն այժմ, երբ խմբավորումների մեծ մասը միավորվել է «Իսլամական պետության» դրոշի ներքո, ՆԱՏՕ-ում դժգոհ են, որ Էրդողանը չի շտապում փոխել իր վերաբերմունքը:

Երկրում իսլամիստների ակտիվացման ռիսկը, ինչպես նաև այն փաստը, որ ահաբեկիչների կողմից գերեվարված են Թուրքիայի 49 քաղաքացիներ, նվազեցնում է Անկարայի եռանդը ԻՊ դեմ պայքարում: Սակայն կա ևս մեկ պատճառ՝ նավթն, օրինակ:

Իսլամիստները վառելիք են ստանում Սիրիայի Ռաքքա քաղաքից ոչ հեռու գտնվող նավթային դաշտերից: Այնտեղից այն տեղափոխվում է Թուրքիայի սահմանամերձ շրջաններ և հետո երկիր հասցվում խողովակաշարերով կամ պլաստիկ տակառներով: Վառելիքի մաքսանենգ առաքումը հաստատվում է փաստաթղթերով, որոնք հրապարակվել են ԱՄՆ ՊՆ ղեկավար Չակ Հեյգելի այցելության շեմին:

Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունից իրավաբան Մահմուդ Թանալը ապարդյուն փորձել է մեկնաբանություններ ստանալ օրական 4000 տոննայի հասնող նավթի տարանցման մասին հրապարակումների վերաբերյալ, ինչն իսլամիստներին ամսական 15 մլն դոլար է բերում: Ըստ նրա, մաքսանենգության փաստն ու թուրքական իշխանությունների կողմից հակազդեցության բացակայությունն ինքնին արդեն վկայում է, որ ԻՊ-ն շարունակում է օգտվել թուրքական իշխանությունների աջակցությունից: «Հակառակ դեպքում, ինչպե՞ս հնարավոր կլիներ աչք փակել նման մաքսանենգության վրա»: Վերլուծաբանը նշում է նաև, որ Էրդողանն ու Թուրքիայի նոր վարչապետ Դավութօղլուն հրաժարվեցին «Իսլամական պետությունն» ահաբեկչական խմբավորում համարել: Ըստ վերլուծաբան ու նախկին զինվորական Ջելալադդին Յավուզի, մաքսանենգները օգնականներ ունեն սահմանամերձ թուրքական գյուղերում՝ իշխանությունները աչք են փակում այդ ամենի վրա: Ըստ աղբյուրի, իսլամիստների դիզելային վառելիքի պահանջարկն աճում է՝ մաքսանենգ վառելիքը վաճառվում է 0,70 դոլարով մեկ լիտրը, այն դեպքում, երբ պաշտոնական գինը Թուրքիայում 1,85 դոլար է:

Թուրքական ընդդիմության քննադատությունն այսքանով չի սահմանափակվում: Մամուլում հայտնվել է մի զեկույց, որտեղ սահմանամերձ Հաթայ շրջանի նահանգապետը նկարագրում է ԻՊ մոտ հարյուր գրոհայինների հանգիստը սահմանամերձ Ռեյհանլիի հյուրանոցներում: Հանգստանալով ահաբեկիչները մեկնել են հետ Սիրիա: Ըստ Թանալի, ԻՊ անդամները բուժվում են թուրքական պետական հիվանդանոցներում:

Հիշեցնենք, որ հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը հայտարարեց Իրաքի ու Սիրիայի գրավյալ տարածքներում Իսլամական խալիֆայության ստեղծման մասին և կոչ արեց բոլոր ջիհադականներին հավատարմության երդում տալ: Խմբավորումը նաև անվանափոխվեց՝ կոչվելով «Իսլամական պետություն»:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Photo: Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---