ԵՄ-ն կվերանայի Հարևանության քաղաքականությունը և նոր անդամների առայժմ չի ընդունի

ԵՄ-ն կվերանայի Հարևանության քաղաքականությունը և նոր անդամների առայժմ չի ընդունի

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովն առաջիկա տարիներին մտադիր է վերանայել Եվրոպական հարևանության քաղաքականությունը: Այդ մասին ասվում է ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով հանձնակատարի պաշտոնի թեկնածու Յոհաննես Հանը՝ պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների գրավոր հարցին: Պատասխանը հրապարակվել է Եվրախորհրդարանի Արտաքին գործերի կոմիտեում հանձնակատարի լսումների նախօրեին:

«Նախագահ Յունկերը խնդրել է ինձ վերանայել և առաջարկել առաջ շարժվելու ուղիները իմ նոր մանդատի առաջին տարում, և ես այդ խնդիրը համարում եմ կարևոր և անհետաձգելի»,-գրել է Հանը:

Հանձնակատարի թեկնածուն վստահություն է հայտնել, որ Եվրոպական հարևանության քաղաքականությունը պետք է առավել ճկուն լինի, քանի որ ԵՄ հարևան երկրները չափազանց տարբեր են բոլոր դեպքերում նույն մոտեցումներով առաջնորդվելու համար:

«Հարևանության քաղաքականությունը պետք է առավել արագ արձագանքի ճգնաժամերին»,-գրել է հանձնակատարի թեկնածուն:

Նա նշել է, որ հարևանության քաղաքականությունը պետք է աշխատի, հաշվի առնելով ոչ միայն երկրները, այլ նաև գործակցության ոլորտները, ինչպիսիք են էներգետիկան, ազատ առևտուրը, միգրացիան:

Հանը կարևորել է մոտեցումների տարբերությունը յուրաքանչյուր դեպքի համար:

«Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան արևելքում, ինչպես նաև Մարոկկոն և Թունիսը հարավում ցանկանում են առաջ շարժվել բարեփոխումների ճանապարհով ու սերտ կապեր հաստատել ԵՄ հետ: Ես կապահովեմ, որ նրանք ստանան անհրաժեշտ աջակցություն, մշակված յուրաքանչյուր երկրի համար առանձին, շարունակելու համար քաղաքական ու տնտեսական բարեփոխումները»,-ասել է Հանը:

Նա նշել է, որ արևելքում առաջնային է լինելու Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումը, իսկ հարավում՝ օգնությունը Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծմանը, ինչպես նաև իրավիճակը Լիբիայում, գրում է Euplus.info-ն:

Ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, Հանը հայտարարել է, որ Եվրամիության հետագա ընդլայնում առաջիկա 5 տարիներին չի նախատեսվում: «Պետք է իրատես լինել, այդ շրջանում գործընկերներից ոչ մեկը պատրաստ չի լինի անդամակցել ԵՄ-ին»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լսումներում:

Հանը պնդում է, որ եվրոպական հարևանության քաղաքականությունը միտված չէ ՌԴ շահերի ոտնահարմանը: «Ռուսաստանը պետք է հասկանա, որ մեր հարևանության քաղաքականությունն ու Արևելյան գործընկերությունն ի վնաս Ռուսաստանի չեն»,-ասել է նա:

Լսումների ավարտին եվրախորհրդարանականները որոշում կկայացնեն նրա թեկնածությունը մերժելու կան ընդունելու մասին: Բոլոր հանձնակատարների թեկնածուների վերաբերյալ Եվրախորհրդարանը որոշում կկայացնի մինչև հոկտեմբերի 9-ը:

Այս պահի դրությամբ ԵՄ անդամակցության վեց թեկնածու կա՝ Իսլանդիան, Սերբիան, Չերնոգորիան, Թուրքիան, Մակեդոնիան, Ալբանիան, որը թեկնածու երկրի կարգավիճակ ստացավ հունիսի 27-ին:

Թեկնածուի կարգավիճակը նշանակում է, որ երկիրը կարող է բանակցություններ սկսել ԵՄ հետ 35 գլխի շուրջ, որոնք պետք է համապատասխանեն ԵՄ քաղաքականությանը: Բանակցություններն անմիջապես չեն սկսվի: Սերբիան, որը թեկնածուի կարգավիճակ ստացավ 2012-ի սկզբին, բացեց առաջին գլուխը գրեթե երկու տարի անց: Դա կապված է դեռ մինչ բանակցությունների մեկնարկը ԵՄ որոշ չափանիշների ապահովման հետ: Մասնավորապես, առավել արդյունավետ պայքար կմղվի կեղծ փաստաթղթերի, փողերի լվացման ու այլ երևույթների դեմ:

Եվրամիության հետ բանակցությունների մեկնարկը չի նշանակում, որ երկիրն ինքնաբերաբար կանդամակցի կառույցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---