ԱՄՆ փոխնախագահ. Թուրքիան ֆինանսավորել է «Ալ Քայիդայի» գրոհայիններին

ԱՄՆ փոխնախագահ. Թուրքիան ֆինանսավորել է «Ալ Քայիդայի» գրոհայիններին

PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ելույթ ունենալով Հարվարդի համալսարանում, հայտարարել է, որ Թուրքիան այն երկրների թվում է, որոնք ֆինանսական աջակցություն են տրամադրել «Ալ Քայիդա» խմբավորմանը Սիրիայում:

«Մեր ամենամեծ խնդիրը Սիրիայում մեր դաշնակիցներն են տարածաշրջանում: Թուրքերը հրաշալի բարեկամներ էին մեզ համար, ինչպես և Սաուդյան Արաբիան, Էմիրաթների բնակիչները և մյուսները: Սակայն ի՞նչ արեցին նրանք: Նրանք կենտրանացան Ասադին տապալելու վրա, և միջնորդավորված պատերազմ էին մղում սունիների ու շիաների միջև, հարյուր միլիոնավոր դոլարներ ու տասնյակ հազարավոր տոննա զենք տրամադրեցին բոլոր նրանց, ով համաձայնվում էր պայքարել Ասադի դեմ»,-ասել է նա:

«Ճիշտ է, մարդիկ, որոնք ստանում էին այդ օգնությունը, «Ջեբհաթ ան Նուսրայի», «Ալ Քայիդայի» գրոհայիններ էին ու ծայրահեղականներ աշխարհի տարբեր մասերից: Կարծո՞ւմ եք չափազանցնում եմ: Դատեք ինքներդ, թե ուր հասավ այդ ամենը»,-հայտարարել է Բայդենը, գրում է «Վզգլյադը»:

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիկարդոնեն հայտարարեց, որ Անկարան սատարում էր «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրային» և Վաշինգտոնը ոչինչ չարեց դրան հակազդելու համար: Արևմտյան ԶԼՄ-ները մեղադրում են Անկարային, որ նա չխոչնդոտեց ԻՊ կամավորների ներթափանցմանը Սիրիա Թուրքիայի տարածքով, էժան նավթ է գնում գրոհայիններից ու «հանգստի բազաներ» ստեղծում իր տարածքում գրոհայինների համար:

Քրդերը ևս մեղադրում են Թուրքիային գրոհայիններին սատարելու համար: Նրանց կարծիքով Անկարան, խանգարելով քուրդ կամավորների անցմանը Սիրիա, պատասխանատու է քրդերի անհաջողությունների համար ԻՊ գրոհայինների դեմ պայքարում և քրդաբնակ Կոբանի բնակավայրի շրջափակման համար: Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Օջալանը, որը կալանքի տակ է գտնվում, հայտարարել է, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև զինադադարի կասեցման համար:

Սակայն այժմ, ըստ ԱՄՆ փոխնախարարի, ԱՄՆ դաշնակիցները տարածաշրջանում, գիտակցելով սեփական սխալը, համաձայնվել են անդամ դառնալ Վաշինգտոնի գլխավորած հակաահաբեկչական միջազգային կոալիցիային: «Հանկարծ նրանք ամեն ինչ հասկացան»,-ասել է նա: Բայդենի հայտարարությունը համընկավ թուրքական խորհրդարանի Սիրիայում և Իրաքում մարտական գործողություններ թույլ տալու որոշման հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---