The American Interest. Բաքվի դեմ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել

The American Interest. Բաքվի դեմ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել

PanARMENIAN.Net - Մինչ Արևմուտքը կենտրոնացել է ուկրաինական ճգնաժամի և «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա, Իլհամ Ալիևի կառավարությունը լայնածավալ հետապնդումներ է նախաձեռնել երկրի այլախոհների դեմ, գրում է The American Interest-ը:

Պարբերականը նշում է, որ Ալիևի ռեժիմը բանտ է նետել մոտ 100 քաղբանտարկյալի՝ դա ավելին է, քան Բելառուսում ու Ռուսաստանում միասին վերցրած: «Ադրբեջանի իշխանությունները գնալով սաստկացնում են քննադատների, լրագրողների, ընդդիմության և արևմտամետ մարդկանց ճնշման մեթոդները»,-գրում է հանդեսը:

Հեղինակները նշում են, որ մտահոգիչ իրավիճակի մասին հայտարարությունները ոչ մի ազդեցություն չեն ունենում Բաքվի վրա: Նույնիսկ Բարաք Օբամայի հնչեցրած քննդատությունը չազդեց Ադրբեջանի իշխանությունների վրա: Հակառակը, տվյալներ կան, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են ձերբակալել լրագրող Հադիջա Իսմաիլովային հայրենիք վերադառնալուն պես: Իրավիճակը փոխելու լավագույն միջոցը կլինի Բաքվի դեմ պատժամիջոցների սահմանումը:

Վերջին իրադարձությունների շարքում պարբերականը նշում է իրավապաշտպան Լեյլա Յունուսի ու քաղաքագետ Արիֆ Յունուսի ձերբակալությունը լրտեսության մեղադրանքով, լրագրող Իլգար Նասիբովին ծեծի ենթարկելը: Բանտերում են գտնվում տասնյակ այլ իրավապաշտպաններ ու լրագրողներ: Ցանկացած կազմակերպություն կամ մարդ, որը քննադատում է իշխանություններին, դիտարկվում է որպես թշնամի:

Վիրավորանքների ու ճնշումների համար թիրախ են դառնում նույնիսկ ԱՄՆ քաղաքացիներն ու կազմակերպությունները: Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը վիրավորանքների «արժանացավ» նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի կողմից, իսկ երկիր այցելած ու ընդդիմադիրներին հանդիպած սենատորներին շներ ու լրտեսներ անվանեցին:

Ոմանք կասեն, թե Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ֆոնին հիմա լավագուն պահը չէ Ադրբեջանի հանդեպ ճնշման համար: «Սակայն նման քայլերի համար լավ պահ երբեք չի լինում, և իրավիճակն Ադրբեջանում անհապաղ արձագանքի է կարոտ: Ալիևների ռեժիմը պետք է հասկանա, որ իր գործողությունները հետևանքներ են ունենալու»,-ամփոփում է պարբերականը:

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---