ՆԱՏՕ-ն կարող է զորքեր մտցնել Թուրքիա. Նպատակը՝ պաշտպանել տարածքային ամբողջականությունը

ՆԱՏՕ-ն կարող է զորքեր մտցնել Թուրքիա. Նպատակը՝ պաշտպանել տարածքային ամբողջականությունը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն չի բացառել, որ կարող է ցամաքային ուժեր մտցնել Թուրքիա, եթե այդ երկրի անվտանգությանը սպառնալիք լինի: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լեհաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Տոմաշ Սեմոնյակի ու Գժեգոժ Սխետինայի հետ հանդիպմանը:

«Մեր գլխավոր խնդիրն է Թուրքիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունը»,-ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ հարցին: «Կա ցամաքային ուժեր տեղակայելու հավանականություն, եթե մենք տեսնենք անվտանգությանը սպառնացող որևէ գործողություն»,-ասել է նա:

«Մենք մտահոգված ենք «Իսլամական պետության» բռնությամբ և դաժանությամբ Սիրիայում»,-ասել է նա: «Դա լուրջ իրավիճակ է: Մենք մտավախություն ունենք, որ այն կարող է տարածվել Իրաքի մյուս տարածքների վրա»,-ասել է գլխավոր քարտուղարը:

«ՆԱՏՕ-ն պատրաստ է սատարել Իրաքի կառավարությանը ռազմական ու անվտանգության ուժերի հնարավորությունների հզորացման գործում, որպեսզի վերջինս կարողանա պաշտպանվել ահաբեկչական գրոհներից»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերի 2-ի երեկոյան Թուրքիայի խորհրդարանը քվեարկեց Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններ ծավալելու մանդատ բանակին տրամադրելու օգտին: Ինչպես գրում է Hurriyet-ը, այժմ Թուրքիան բանակցություններ է ծրագրում ԱՄՆ ու հակաիսլամիստական կոալիցիայում Վաշինգտոնի դաշնակիցների գործողությանը հնարավոր աջակցության շուրջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ն Անկարայից թույլտվություն էր խնդրել օգտագործել «Ինջիրլիկ» ավիաբազան ԻՊ դիրքերին հարվածներ հասցնելու համար, սակայն Թուրքիան իր տարածքը չտրամադրեց: Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավար Նեսդետ Օզելը, մեկնաբանելով այս որոշումը, հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԻՊ դիրքերի հարվածելու համար «երկու րոպե» կպահանջվի: Որպես հարվածի հարմար առիթ նա համարել է Սիրիայում թուրքական տարածք համարվող շահ Սուլեյմանի դամբարանի հնարավոր գրոհը:

Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է պահանջել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենից Թուրքիայի և իսլամիստ ահաբեկիչների կապերի մասին հայտարարության համար:

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ելույթ ունենալով Հարվարդի համալսարանում, հայտարարել է, որ Թուրքիան այն երկրների թվում է, որոնք ֆինանսական աջակցություն են տրամադրել «Ալ Քայիդա» խմբավորմանը Սիրիայում: «Մարդիկ, որոնք ստանում էին այդ օգնությունը, «Ջեբհաթ ան Նուսրայի», «Ալ Քայիդայի» գրոհայիններ էին ու ծայրահեղականներ աշխարհի տարբեր մասերից: Կարծո՞ւմ եք չափազանցնում եմ: Դատեք ինքներդ, թե ուր հասավ այդ ամենը»,-հայտարարել է Բայդենը: «Իմ հին բարեկամ նախագահ Էրդողանն ինձ ասաց՝ դու իրավացի էիր, մենք չափից շատ մարդու թույլտվեցինք հատել սահմանը, իսկ հիմա աշխատում ենք փակել»,-ասել է Բայդենը:

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիկարդոնեն հայտարարեց, որ Անկարան սատարում էր «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրային» և Վաշինգտոնը ոչինչ չարեց դրան հակազդելու համար: Արևմտյան ԶԼՄ-ները մեղադրում են Անկարային, որ նա չխոչնդոտեց ԻՊ կամավորների ներթափանցմանը Սիրիա Թուրքիայի տարածքով, էժան նավթ է գնում գրոհայիններից ու «հանգստի բազաներ» ստեղծում իր տարածքում գրոհայինների համար:

Քրդերը ևս մեղադրում են Թուրքիային գրոհայիններին սատարելու համար: Նրանց կարծիքով Անկարան, խանգարելով քուրդ կամավորների անցմանը Սիրիա, պատասխանատու է քրդերի անհաջողությունների համար ԻՊ գրոհայինների դեմ պայքարում և քրդաբնակ Կոբանի բնակավայրի շրջափակման համար: Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Օջալանը, որը կալանքի տակ է գտնվում, հայտարարել է, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև զինադադարի կասեցման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---