Սոչիում անցնում են սգո միջոցառումներ` նվիրված Ա-320-ի ավիավթարի զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Ա-320 աէրոբուսի վթարից զոհվածների հիշատակը հարգելու համար Հայաստանից Սոչի է ժամանել 180 մարդ: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի հայերի միության Սոչիի բաժանմունքի փոխղեկավար Հրաչ Մակեյանը, «կարողացել են գալ նույնիսկ ավելի շատ մարդիկ, քան մենք սպասում էինք: Այսօր մենք բոլորս սգո միջոցառման ենք մասնակցում` ողբերգության քառասուներորդ օրվա կապակցությամբ: Միջոցառմանը մասնակցում է շուրջ 300 մարդ, ներառյալ Հայաստանից ժամանածներին, ինչպես նաեւ զոհվածների հարազատներին Սոչիից եւ Կրասնոդարի մարզից»,-ասել է Մակեյանը: Նա հաղորդել է, որ ներկայումս սգո թափորը գտնվում է մոտորանավակի վրա, որն ընթանում է դեպի ողբերգության վայրը` Ադլեր ավանից 6 կմ հեռավորության վրա: «Այնտեղ նրանք ջրի վրա կիջեցնեն ծաղիկներ եւ ծաղկեպսակներ, իսկ ափ վերադառնալուց հետո կուղղվեն դեպի Ադլերի եկեղեցի: Հոգեհացը կտրվի 15:00-ին»,-պարզաբանել է Մակեյանը: Նա հստակեցրել է, որ ողբերգության 40-երորդ օրը հունիսի 12-ին էր: Սակայն պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ, որոշվել է տեղափոխել սգո միջոցառումները հունիսի 14-ին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



Հիշեցնենք, որ 2006 թվականի մայիսի 3-ին Ադլերի օդակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց հայկական «Արմավիա» ընկերության Ա-320 աէրոբուսը: Վթարի արդյունքում զոհվեցին բոլոր ուղեւորները (105 մարդ` որոնցից 26-ը` Ռուսաստանի քաղաքացիներ էին, մեկը` Վրաստանի, մեկը` Ուկրաինայի, մյուսները` Հայաստանի) եւ անձնակազմի ութ անդամները (երկու օդաչուները, ինժեները եւ հինգ բորտուղեկցորդները):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---