ՄԹ պետնախարար. Շփման գծում կորուստները մտահոգիչ են

ՄԹ պետնախարար.  Շփման գծում կորուստները մտահոգիչ են

PanARMENIAN.Net - Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Երևան ժամանած Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դևիդ Լիդինգթոնին։

«Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացումը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիներին ականատես ենք քաղաքական շփումների ակտիվացման, և վստահ եմ, որ այդ միտումը կլինի շարունակական»,- ողջունելով հյուրին` ասել է Նալբանդյանը:

Նախարար Լիդինգթոնն էլ նշել է, թե Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր, ու իր այցելության նպատակը և ուղերձը ՀՀ հետ գործակցությանը նոր թափ հաղորդելն է:Բանակցություններին քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում գործակցության խորացման ուղիները։

Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ վերջին շրջանում նկատելի է բրիտանական բիզնեսի հետաքրքրության աճը Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերը զարգացնելու հարցում:

Զրուցակիցները համակարծիք էին, որ հարաբերությունների զարգացման համար կարևոր դեր ունի իրավական դաշտի կատարելագործումն ու ամրապնդումը, ինչպես նաև արդեն ստորագրված մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի արդյունավետ կիրառումը:

Նախարար Նալբանդյանը Դևիդ Լիդինգթոնին հանգամանալից ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Փարիզում մեկ շաբաթ առաջ կայացած գագաթաժողովի արդյունքները: Այս առումով ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը նշել է, որ Մեծ Բրիտանիան սատարում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող գործընթացը։

Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ի երեկոյան տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա առանձնազրույց ունեցել: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպմանը:

Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

Ավելի ուշ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եռակողմ հանդիպումը որակել է օգտակար և կառուցողական՝ նշելով, որ ևս մի փոքր քայլ արվեց՝ ավելի մոտեցնելու կողմերի դիրքորոշումը:

Բանակցությունների օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես, Սիրիայում և Իրաքում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը:

Հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիս:

«Մենք մշտապես ընդգծում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրագործումը չի կարող կոնֆլիկտների պատճառ լինել, այլ հակառակը: Ինքնորոշման իրավունքի իրականցման խոչընդոտումը հիմք է ստեղծում կոնֆլիկտների համար: Դրա մասին է խոսում այդ զեկույցը»,- ասուլիսին ասել է Նալբանդյանը՝ պատասխանելով ՄԱԿ-ի փորձագիտական զեկույցի վերաբերյալ հարցին, որի եզրակացության մեջ նշված է, որ շատ հակամարտությունների լուծման անհնար է հասնել անտեսելով ինքնորոշման իրավունքի իրագործումը:

Նախարար Նալբանդյանի խոսքը մեջբերելով՝ Panorama.am-ը գրում է, որ Հայաստանը մշտապես նշել է՝ ինքնորոշման իրավունքի իրագործումը կարող է կանխարգելել հակամարտությունները, նպատել միջազգային խաղաղության ամրապնդմանը:

«Ասել ենք, որ ինքնորոշման իրավունի իրագործումը կարող է նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը: Դրա մասին է խոսում այդ զեկույցը»,- ասել է նա:

Դեմ դուրս գալ կամ անտեսել ինքնորոշման իրավունքը, ըստ նախարարի, նույնն է, ինչ հակադրվել էվոլուցիային:

«Միանշանակ կարող եմ ասել, որ այն կարևոր, արժեքավոր զեկույցը է, ևս մեկ անգամ հաստատում է այն մոտեցումները, որ Հայաստանը, բազմաթիվ երկրներ ունեցել և ունեն այդ հարցի վերաբերյալ: Չի կարող մի երկիր, որտեղ պաշտպանվում են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, դուրս գալ ինքնորոշման դեմ: Մերժել ինքնորոշման իրավունքը՝ նոր խնդիրների, հիմնախնդիրների, նոր հակամարտությունների պատճառ կարող է լինել»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Միևնույն ժամանակ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դևիդ Լիդինգթոնը նշել է, թե վերջին տարվա ընթացքում շփման գծում մարդկային կյանքերի կորուստը մտահոգիչ է:

Այնուհետև Լիդինգթոնը շեշտել է, թե միջազգային հանրությունը պետք է կրկնակի աջակցություն ցուցաբերի Մինսկի խմբի համանախագահներին հակամարտության խաղաղ կարգավորման և մարդկային ողբերգությունների կանխման հարցում: Հարցին՝ արդյոք Միացյալ Թագավորությանը չեն խանգարում Ադրբեջանի հետ տնտեսական կապերը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրավիճակին կոշտ գնահատական տալ, նա պատասխանել է.

«Մենք բաց ենք այդ հարցում: Ես բաց խոսել եմ վերջին տարվա ադրբեջանական իրադարձությունների մասին: Պառլամենտի անդամները ևս իրենց մտահոգություններն են հայտնել, ԱԳՆ-ն տարեկան զեկույց է պատրաստում աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին»,- մեջբերում է «Առավոտը»:

Նա շեշտել է՝ կան տնտեսական շահեր, հատկապես կասպյան գազի շրջանակներում, բայց նաև հավաստիացրել՝ կան խնդիրներ, որոնք մտահոգության առիթ են՝ Ղարաբաղյան հակամարտությունը, Վրաստանի սառեցված հակամարտությունը:

Լիդինգթոնն անդրադարձել է նաև Հայ-թուրքական արձանագրություններին՝ նշելով, որ առաջ շարժելու ճանապարհ է երևում: Նրա խոսքով, Անգլիան համարում է, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է կյանքի կոչվեն:

«Երկու կողմն էլ շատ բան ունի շահելու»,- ասել նա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---