«Նաիրիտը» մինչև տարեվերջ կվճարի աշխատակիցների աշխատավարձերը՝ $15 մլն

«Նաիրիտը» մինչև տարեվերջ կվճարի աշխատակիցների աշխատավարձերը՝ $15 մլն

PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ «Նաիրիտ» գործարանը մարելու է իր աշխատակիցների աշխատավարձերի ամբողջ պարտքը: Այս մասին հայտարարել է գործարանի մամուլի ծառայության պետ Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ ամբողջ գումարը կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար:

«Այս մասին գործարանի ղեկավարությունն արդեն տեղյակ է պահել աշխատակիցներին»,- ասել է Անուշ Հարությունյանը, գրում է Aysor.am-ը:

Բացի այդ, նա հաստատել է տեղեկությունը, թե գործարանում կրճատումներ են սպասվում:

«Կրճատումների առաջին փուլը, ըստ էության, այն, ինչ մեզ հիմա հայտնի է, լինելու է մինչև 400 մարդ և միայն թոշակառուներ: Բայց թոշակառուներից նրանք, ովքեր այնպիսի մասնագետներ են, առանց ում գործարանը չի կարող շահագործվել, նորից աշխատել, ում գործունեությունը շատ կարևոր է գործարանի համար, իրենց փոխարինողներ չկան, այդ մարդիկ նորից կընդունվեն աշխատանքի՝ աշխատանքային պայմանագրերով»,- ասել է գործարանի մամուլի ծառայության պետը:

«Առայժմ ընդամենը խոսվում է մոտ 400 մարդու մասին, որոնցից շատերը մասնագետներ են ու նրանք, ամենայն հավանականությամբ, նորից կընդունվեն աշխատանքի արդեն աշխատանքային պայմանագրերով: Բայց այդ ամենը կլինի միայն աշխատավարձերի վճարումից հետո, այսինքն՝ սկսած 2015-ի հունվարից»,- հավելել է «Նաիրիտի» ներկայացուցիչը:

Ավելի վաղ Կառավարությունից հայտնել են, որ «Նաիրիտ»-ի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում են: Սեպտեմբերի 19-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել գործարանի խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, խմբակցությունների անդամներ, գիտնականներ, գործարանի ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ լրատվամիջոցներ: Նախարարության նախաձեռնած այդ բազմակողմանի հանդիպման հիմնական նպատակն էր ընտրել ճիշտ ուղիներ իրավիճակի բարելավման և ընկերության վերագործարկման համար, ինչպես նաև, համատեղ քննարկել «Նաիրիտի» շուրջ ծագած խնդիրները, դրանց լուծման եղանակներն ու հետագա անելիքները:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել է:

Հայաստանի կառավարությունը, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունները հունվարի 29-ին գույքի 180 մլն դոլար արժողությամբ առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել: Ըստ գործարքի, առաջիկա 6 տարվա ընթացքում Որոտանի երեք ՀԷԿ-երն արդիականացնելու ու վերանորոգելու համար պետք է ներդրվի մոտ 70 մլն դոլար: Կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագիրը պետք է ներկայացվի, քննարկվի և համաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---