Նոլանի Interstellar-ը. Մեծ կինո՞, թե ֆի՞լմ, որը չի արդարացնում սպասումները. Առաջին կարծիքները (վիդեո)

Նոլանի Interstellar-ը. Մեծ կինո՞, թե ֆի՞լմ, որը չի արդարացնում սպասումները. Առաջին կարծիքները

PanARMENIAN.Net - Ոչ հեռու ապագան է: Մարդկությունը ոչնչացման եզրին է՝ երաշտը սննդամթերքի ճգնաժամի է բերում, ինչի արդյունքում հետազոտողների կոլեկտիվն արվարձանի միջով ուղևորվորության է մեկնում՝ կատարելագործելու մարդու տիեզերագնացության նախկին սահմանափակումներն ու մարդկությանը տեղափոխելու այլ մոլորակ:

Նոյեմբերի 6-ին Քրիստոֆեր Նոլանի գիտաֆանտաստիկ Interstellar-ը, որի սցենարը գրել են Ջոնաթան Նոլանն ու Քիպ Թորնը, հասավ նաև Հայաստան: Սցենարի հիմքում թեորետիկ ֆիզիկոս Քիպ Թորնի աշխատանքներն են: Իմիջիայլոց, ըստ առաջին օրվա տվյալների, Ռուսաստանում, օրինակ, ֆիլմը վարձույթի առաջին օրը $1,25 մլն է հավաքել, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ ավելի քան $1,5 մլն:

Բացի այն, որ շատերն արդեն նայել են Interstellar-ը, ռուս կինոքննադատներն արդեն հասցրել են կիսվել տպավորություններով: Ու, չնայած կինոսերների ամենատարբեր կարծիքներին, «գիտակները», կարծես, այդքան էլ հիացած չեն: Բայց ոմանք, չնայած դրան, արդեն հասցրել են այն «Օսկարի ակադեմիկոսների համար նախատեսված» անվանել:

Ստանիսլավ Զելենսկին, օրինակ, ֆիլմը կարճ բնութագրել է որպես «աչքերին փչած աստղային փոշի»: Ըստ նրա, այս նախագծի լայնամասշտաբ ամբիցիաների ֆոնին հատկապես նկատվում է, թե ինչքանով է ուռճաչված Նոլանի համբավը որպես բեմադրիչ ռեժիսոր: Նա անընդհատ կորցնում է ռիթմը՝ տեսարաններից շատերը տեսանելի երկարացված են, գործողությունն էլ հանկարծակի սկսում է «թռնել երկու աստիճանի միջև»: Արդյունքում նա նոլանական ֆիլմերն անվանում է «միջակ գրված, մեծ գումարներով կոշտ նկարահանված թրիլեր՝ դատարկ հերոսներով ու հազիվ նշված գաղափարներով»:

Դրան հակադարձում է The Village-ից Միլոսլավ Չեմոդանովի ու Նաստյա Կուրգանսկայի կարծիքը: Ֆիլմը դիտելուց հետո նրանք եզրակացրել են, որ ժամանակի մեջ թռիչքները, անհայտ մոլորակների լանդշաֆտը, հերոսներն ու ռոբոտներն բավական տպավորիչ են։ Բայցև նշում են, որ «երեքժամյա էպոսը դատապարտված է հատկապես անհանգիստ հանդիսատեսի նվնվոցին, արդեն սովորական դարձած «ձգձգված է, կարելի էր այդ ամենը երկու անգամ ավելի կարճ անել»։ Ու շարունակում են․ «առաջին ժամվա ընթացքում նույնիսկ տիեզերքի մասին հիշատակություն չկա՝ ամեն ինչ կատարվում է փոշեպատ ֆերմայում, որտեղ դեռահաս աղջիկը փորձում է բացահայտել գրքերի գաղտնիքը, որոնք ինքնուրույն ընկնում են պահարանից։ Բայց, Նոլանները գրեթե չեն առաջնորդվում հանդիսատեսի ցանկություններով, որը ձանձրանում է, հենց ավարտվում է փոփքորնը։ Նրանք մեծ կինո են նկարահանում, որը խցկել 90 րոպեի մեջ գրեթե անհնար է ու հաստատ չարժե»։

Ինքը՝ Նոլանը, իր իսկ խոսքով, դեռ մանկությունից էր երազում գիտաֆանտաստիկ ֆիլմ նկարահանելու մասին։ Անտոն Դոլինին նա պատմել է, որ Interstellar-ը շատ է հավանել գիտնական Սթիվեն Հոքինգը, որին այն առաջինն են ցույց տվել։

«Ուզում էի, որ Interstellar-ի մեջ ավելի շատ ջերմություն ու մարդկություն լիներ։ Ֆիլմը որոշ չափով իր մեջ ներառում է այն, ինչը նախատեսում էի կյանքի չկոչված նախագծերումս»,- նշել է նա։ Դենիս Ռուզաևն իր հերթին ֆիլմը հետաքրքիր ու գրավիչ է անվանել, ու, «գուցե, Նոլանի ամենաամբողջական կինոնկարը»։

Բայց նա նաև նշում է, որ պատմիչ Նոլանը տեխնոկրատական ամբիցիաների հետևից ուղղակի չի հասնում։ «Իսկական ցնորատեսի համար Նոլանը չափազանց մակերեսային է՝ նրա տպավորիչ կերպարները մեծամասամբ միապաղաղ են (հեգնանքը նրանում է, որ ֆիլմը ենթադրում է, որ մարդկային գիտակցությունը դուրս է գալիս չորս չափումներից դուրս), ամբողջովին զրկված երկրորդ հատակից՝ «խլուրդի բույնը» այստեղ «խլուրդի բույնից» ավելին չէ, իսկ դեպի օդ բարձրացող հրթիռը հրթիռից բացի․․․ հմ․․․ այլ բան չի նշանակում»։

Նույն Դոլինը գրում է, որ «սպասումներն այնքան շատ չեն արդարանում, որ վերջում ենթագրերից հետո դեռ որոշ ժամանակ չես հավատում տեսածիդ ու փորձում ես համադրել ֆիլմի իրադարձություններն իրար հետ։ Բայց Նոլանին ձեռքից բռնել չի հաջողվի։ Նրա բարձր տեխնոլոգիական ինտելեկտուալ աջպարարության հետևում, ինչպես և The Prestige-ում, իրական կախարդանք կա։Կամ, եթե կնախընտրեք, պոեզիա»։

Գլխավոր դերակատար Մեթյու Մակքոնահիին Նոլան-ռեժիսորը ոգեշնչում է։

«Զարմանալի է, թե նրա ուղեղը ոնց է աշխատում։ Նրա գլխում գաղափարներ են ծնվում, հայեցակարգեր, որոնք հաստատ գիտի՝ ինչպես կյանքի կոչել։ Նա չափազանց մեծ ամբիցիաներ ունի, անընդհատ ավելին է ուզում, ավելին ու ավելին։ Նա շարժվում է իր նպատակի ուղղությամբ ու վերջում ավելի լավ արդյունքի հասնում»,- Kinopoisk-ին ասել է դերասանը։

Իսկ Էն Հեթեուեյը խոստովանել է՝ գլխավոր պատճառը, որ նա ուզել է նկարահանվել ֆիլմում, Քրիստոֆեր Նոլանն է։

«Ինձ պետք չէր կարդալ սցենարը, ծանոթանալ դերին։ Երբ նա զանգահարեց ու հարցրեց՝ «Հեյ, ուզո՞ւմ ես արկածի մի մաս դառնալ», պատասխանեցի․ «իհարկե՜, իհարկե՜ ուզում եմ»։ Բայց նա ասաց․ «Չէ, լուրջ․ կարդա սցենարը»։ Ու կարդացի, և ավելի երջանկացա»։

Ռուզաևը հետևյալ կերպ է եզրափակում իր տեքստը․

«Նոլանն ունիկալ հեղինակ է, որը, երևի, իդեալական է արտացոլում իր ժամանակի հավակնությունները, որտեղ, միլիարդանոց լսարանին հարազատների հետ բաժանության դառնությունը հասցնելու համար պետք է ոչ պակաս, քան ապոկալիպսիս»։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---