Սադրանքները դադարեցնելու Թուրքիային ուղղված Հունաստանի և Կիպրոսի կոչին միացել է նաև Եգիպտոսը

Սադրանքները դադարեցնելու Թուրքիային ուղղված Հունաստանի և Կիպրոսի կոչին միացել է նաև Եգիպտոսը

PanARMENIAN.Net - Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի առաջնորդները Կահիրեում եռակողմ բանակցություններից հետո կոչ են արել Թուրքիային դադարեցնել սադրանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և պահպանել միջազգային իրավունքը: Երեք երկրների առաջնորդները հայտարարել են նաև, որ մտադիր են արագացնել բանակցությունները ծովային գոտիների սահմանազատման շուրջ այնտեղ, որտեղ դա դեռ արված չէ»,-ասվում է հայտարարության մեջ:

Երեք երկրների ղեկավարները հայտարարել են, որ անհրաժեշտ է հարգել ինքնիշխանությունն ու հորդորել են Թուրքիային դադարեցնել բոլոր սեյսմոլոգիական հետազոտությունները Կիպրոսի ջրերում և խուսափել նման գործողություններից ապագայում: Հայտարարության մեջ ասվում է, որ անհրաժեշտ է համապարփակ, արդար ու կայուն կարգավորում գտնել Կիպրոսի հարցում ըստ միջազգային իրավունքի:

«Հունաստանն ու Կիպրոսը Եվրամիության անդամներ են, իսկ Եգիպտոսը արաբական աշխարհի ամենաազդեցիկ երկիրն է, ուստի սա կարծիքների բեղմնավոր ու օգտակար փոխանակում էր Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Լիբիայի ու Պաղեստինի խնդիրների շուրջ: Մեզ միավորում է ընդհանուր մտահոգությունը Միջերկրական ծովի արևելյան մասում կայունության մասին»,-ասել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը Կիպրոսի ու Եգիպտոսի նախագահներ Նիկոս Անաստասիադիսի ու Աբդել Ֆաթհ ալ Սիսիի հետ հանդիպումից հետո:

Հոկտեմբերի 3-ին Անկարան հրապարակեց այսպես կոչված նավիգացիոն տելեքս (NAVTEX)՝ իրազեկում այն մասին, որ Միջերկրական ծովի որոշակի հատվածում հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 30-ը «Բարբարոս» թուրքական հետազոտական նավը սեյսմիկ հետախուզում կանցկացնի՝ որոնելով բնական գազի հանքեր: Հենց այդ շրջանում է գտնվում կիպրոսյան ԲՏԳ-ն և այնտեղ է Eni ընկերությունը փորձնական հորատանցք հորատում ըստ կոնցեսիոն համաձայնագի Կիպրոսի կառավարության հետ: Սակայն Անկարան, որը չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը, անտեսում է գոյություն ունեցող սահմանները Միջերկրական ծովի արևելքում և Նիկոսիայի հետ կնքած միջազգային համաձայնագրերը:

Ավելի ուշ Թուրքիայի հասցեին զգուշացումով հանդես եկավ Հունաստանի ԱԳՆ-ն՝ կոչ անելով Անկարային հարգել միջազգային օրենքները իր ԲՏԳ-ում գազ ու նավթ հետախուզզելու Կիպրոսի իրավունքը: «Հակառակ դեպքում Թուրքիան կարող է մոռանալ ԵՄ անդամ դառնալու մտադրության մասին»,-հայտարարել է Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Կուտրասը:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ժամանակավորապես դադարեցրեց բանակցությունները Կիպրոսի հունական մասի իշխանությունների և կիպրոսցի թուրքերի առաջնորդ Դերվիշ Էրօղլուի միջև: Ըստ Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսի, նման որոշման պատճառը Թուրքիայի սադրիչ ու ագրեսիվ գործողություններն են, որոնք խախտում են հանրապետության ինքնիշխան իրավունքներն ու միջազգային իրավունքի նորմերը: Ըստ պարբերականի, հոկտեմբերի 7-ին նախատեսված Անաստասիադիսի և Էրօղլուի հանդիպումը հետաձգվել է:

Կիպրոսի ԱԳ նախարար Կասուլիդիսը հայտարարել է, որ Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իր սադրիչ գործողություններով սպառնալիքի տակ է դնում Կիպրոսի կարգավորման շուրջ բանակցությունների հաջող անցկացման հեռանկարները:

Ավելի ուշ ԱՄՆ Պետական դեպարտամենտի պետ Ջեն Փսակին հայտարարեց, որ Վաշինգտոնը ճանաչում է բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) էներգառեսուրսներ արդյունահանելու Կիպրոսի իրավունքը:

«Մենք ճանաչում ենք Կիպրոսի Հանրապետության սեփական ռեսուրսների ու բացառաիկ տնտեսական գոտու իրավունքը: Մենք շարունակում ենք համարել, որ նավթի ու գազի պաշարները կղզում, ինչպես և մյուս պաշարները, պետք է արդար բաժանել երկու համայնքների միջև ընդհանուր կարգավորման շրջանակում»,-ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Նոյեմբերի սկզբին Կիպրոսի նախագահը մերժեց Անկարայի հետ բանակցությունները վերսկսելու Կիպրոսի գծով ՄԱԿ հատուկ խորհրդական Էսպեն Բարդ Էյդեի առաջարակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---