Գլխավոր վեհաժողովի որոշմամբ ՄԱԿ-ը կզարգացնի գործակցությունն ԱՊՀ, ՀԱՊԿ և ՇՀԿ հետ

Գլխավոր վեհաժողովի որոշմամբ ՄԱԿ-ը կզարգացնի գործակցությունն ԱՊՀ, ՀԱՊԿ և ՇՀԿ հետ

PanARMENIAN.Net - ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը որոշել է զարգացնել գործակցությունն Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ու այլ տարածաշրջանային կազմակերպությունների հետ: Համապատասխան բանաձևերն ընդունվել են փոխհամաձայնության սկզբունքով:

Ընդունված փաստաթղթերում մասնավորապես ասվում է, որ ՇՀԿ «վերածվել է կարևորագույն տարածաշրջանային կազմակերպության անվտանգությանն առանչվող հարցերի քննարկման համար բոլոր տեսակետներից», իսկ ՀԱՊԿ-ը իր գոյության ընթացքում «վերափոխվել է բազմաֆունկցիոնալ կառույցի, որի ներուժը թույլ է տալիս համարժեք արձագանքել մարտահրավերների լայն շրջանակի իր պատասխանատվության գոտում»: Գլխավոր վեհաժողովը ողջունել է ՄԱԿ և նրա հաստատությունների հետ գործակցությունն «ակտիվացնելու ու խորացնելու» ԱՊՀ ձգտումը՝ վստահություն հայտնելով, որ դա «կնպաստի ՄԱԿ գաղափարների առաջ մղմանը»:

Ներկայացնելով ՀԱՊԿ և ՇՀԿ վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նշել է, որ «տարածաշրջանային կազմակերպության գործունեությունը ժամանակակից միջազգային հարաբերությունների անբաժան մասն է»: «Նրանց արդյունավետ աշխատանքը տեղերում անվտանգության ապահովման, առևտրային հարաբերությունների ու հումանիտար կապերի զարգացման կարևոր բաղադրիչ է»: ՌԴ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության «գործունեությունն ուղղված է փոխադարձ վստահության ամրապնդմանը, տնտեսության, կրթության, էներգետիկայի ու այլ ոլորտներում գործակցության խթանմանը»,-ասել է Չուրկինը:

ՀԱՊԿ-ը նա բնութագրել է որպես բազմաճյուղ կառույց, որը կարող է «վստահորեն արձագանքել արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնց բախվում են անդամ երկրները»: «Մեր կազմակերպությունը նաև խաղաղապահ գործողությունների անցկացման ներուժ ունի, այդ թվում ՄԱԿ հովանու ներքո»,-ասել է նա:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը կասեցրել է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատմանն ուղվված ջանքերը «դաշինքի ոչ կառուցողական և թշնամական» գործողությունների պատճառով:

«Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ոչ կառուցողական ու հաճախ նաև թշնամական գործողությունները ՌԴ ու ՀԱՊԿ դեմ…կասեցվել են ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման ջանքերը»,-հայտարարել է նա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունը կզարգացնի հետագա գործակցությունը ԵԱՀԿ հետ, կամրապնդի գործակցությունը ՇՀԿ հետ և կապեր կհաստատի Լատինական Ամերիկայի ու Իրանի հետ:

Չուրկինը հիշեցրեց նաև ԽՎ պատգամավորներին, որ 2015-ի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) հիման վրա ստեղծվում է Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ): «Այժմ ԵՏՄ-ին անդամակցում են ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանը, սակայն միությունը բաց է ցանկացած պետության անդամակցության համար, որը կկիսի նրա ծրագրերն ու սկզբունքները»,-հայտարարել է ՌԴ մշտական ներկայացուցիչը: «Վստահ ենք, որ ԵՏՄ կայացման հետ մեկտեղ նրա փորձն ու ներուժը պահանջված կդառնա միջազգային հանրության կողմից, հատկապես 2015-ից հետո զարգացման նոր օրակարգի մշակման համատեքստում, որը նոր ուղենիշ կլինի ՄԱԿ-ի հետ միության գործակցության կոնկրետ պարամետրերի որոշման համար»,-ասել է նա:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Այն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից:

Բելառուսի մշատական ներկայացուցիչ Անդրեյ Դյուկասն իր հերթին նշեց, որ կազմակերպությունների միջև հարաբերությունները «զարգանում են»: «Վերջին տարիներին ՄԱԿ և ԱՊՀ գործակցության զգալի փորձ է կուտակվել»,-ասել է դիվանագետը: Նա նշել է, որ բանաձևի ընդունումը կոչված է «համակարգային հիմք» ապահովելու գործակցության «գործնական բաղադրիչի» համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---