Խնդիրն անպայման կլուծվի. Նախարարը երիտասարդ դասախոսներին հորդորում է չազատվել աշխատանքից

Խնդիրն անպայման կլուծվի. Նախարարը երիտասարդ դասախոսներին հորդորում է չազատվել աշխատանքից

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախօրեին «Դ!եմ եմ» նախաձեռնության իրականացրած բողոքի ակցիային՝ պետական բուհերում երիտասարդ դասախոսների աշխատավարձից պահումներ անելու հարցի հետ կապված, և հորդորել դասախոսներին ազատման դիմումներ չգրել:

«Ես խնդրում եմ, որ բոլոր այն դասախոսները, ովքեր դեռ ազատման դիմում չեն գրել, չանեն դա, սպասեն, և խնդիրն անպայման կլուծվի: Ուրախ եմ, որ հանրային նախաձեռնությունները խնդիրը պահում են իրենց ուշադրության կենտրոնում, բայց միևնույն ժամանակ պետք է շեշտեմ, որ այն մեր ուշադրության կենտրոնում է մինչև հանրային նախաձեռնությունների կողմից մտահոգությունը ստանալը»,- ասել է Աշոտյանը:

Դասախոսները, ովքեր համատեղում են աշխատանքը պետական և ոչ պետական բուհերում, դիմել էին վարչապետին՝ մտահոգություն հայտնելով երկու աշխատավայրից սոցվճար իրականացնելու պարտավորության վերաբերյալ։ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 4-ին հանձնարարել էր ֆինանսների նախարարությանն ուսումնասիրել տվյալ հարցը և ներկայացնել համապատասխան իրավական ակտի հաստատման մասին առաջարկություն։ Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել էր փոփոխություններ կատարել հարկային մարմնի տեղեկատվական համակարգում, ինչը թույլ կտա հայտ ներկայացնել այն մարդկանց սոցվճարների կատարումը մերժելու մասին, ովքեր համատեղության սկզբունքով աշխատում են նաև պետբուհերում, և պետական բուհը նրանց հիմնական գործատուն չէ։

Նախարարն ընդգծել է, որ փորձում են խնդրին լուծում տալ առանց օրենքի փոփոխության, բայց իրավաբաններն ասում են, թե այդ մոտեցումը հնարավոր չի լինի իրականացնել:

«Մեր նախարարությունը ոչ թե խնդիրը լուծողն է, այլ բարձրաձայնողը: Խնդիրը ֆինանսական է»,- ասել է նախարարը և հավելել, որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ևս հավաստել է` խնդիրը կլուծվի:

«Դ!եմ եմ» շարժումը նոյեմբերի 12-ին ակցիա է անցկացրել ֆինանսների նախարարության և կառավարության շենքի մոտ` պահանջելով լուծում տալ համատեղությամբ աշխատող դասախոսների և գիտաշխատողների խնդրին:

Ցուցարարները նշում էին, որ «Նպատակային պարտադիր սոցիալական վճարի» մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` պետական համակարգում աշխատող քաղաքացիները՝ առանց կամաարտահայտման հնարավորության, ընդգրկվել են կուտակային համակարգի մեջ։ Պարտադիր սոցիալական վճար կատարելու պարտականությունը տարածվել է նաև պետական և մասնավոր ոլորտներում համատեղությամբ աշխատողների վրա, և «Դ!եմ եմ» նախաձեռնության համոզմամբ՝ երիտասարդ դասախոսներից շատերը ստիպված են հրաժարվել բուհերի իրենց աշխատանքից:

Որոշ ժամանակ նախարարությունից այդպես էլ չստանալով պատասխան` «Դ!եմ եմ»-ը, ոստիկանների ուղեկցությամբ, շարժվել է Կառավարության շենք: Այստեղ ցուցարարներն իրենց նամակն են հանձնել կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին` պահանջելով դրան գրավոր պատասխանել: «Դ!եմ եմ»-ը տեղեկացրել է նաև, որ նամակը ֆինանսների նախարարությանը կուղարկի փոստային տարբերակով:

«Դ!եմ եմ»-ը նշում է, որ եթե մինչև դեկտեմբերի 25-ը մասնավոր ոլորտի աշխատողը չհրաժարվի պարտադիր սոցիալական վճարից, ապա այլևս չի կարող հրաժարվել:

Համատեղությամբ աշխատող դասախոսների և գիտաշխատողների խնդրով «Դ!եմ եմ»-ն ավելի վաղ դիմել էր բուհերի ղեկավարներին: Խնդրի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել նաև կրթության ոլորտի պաշտոնյաները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---