Եվրասիական ինտեգրումը բաց է ոչ միայն ԱՊՀ երկրների համար. Հետաքրքրված է նաև Հունաստանը

Եվրասիական ինտեգրումը բաց է ոչ միայն ԱՊՀ երկրների համար. Հետաքրքրված է նաև Հունաստանը

PanARMENIAN.Net - Եվրասիական ինտեգրումը բաց է ԱՊՀ երկրների համար, հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը Մոսկվայում կայացած «Հասարակական դիվանագիտությունը հանուն եվրասիական ինտեգրման» միջազգային խորհրդաժողովում: Ըստ նրա, դա փոխշահավետ գործընթաց է, որը հաշվի է առնում մասնակից երկրների քաղաքացիների շահերը:

«Մեր նպատակն է համախմբել և մոբիլիզացնել ջանքերը, որպեսզի ԵՏՄ-ն զարգանա արագ տեմպերով»,-ասել է Կոսաչովը՝ հավելելով. «Հուսով ենք, որ 2015-ի հունվարի 1-ց միության լիիրավ անդամ կդառնա Հայաստանը, իսկ նրան կհաջորդի Ղրղզստանը»:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի խոսքում ասվում էր, որ հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացների հետևողական խորացումը իրավահավասար փոխշահավետ հիմքի վրա Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքային գերակայություններից է, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ինչպես գրում է «Միր 24»-ը, եվրասիական միավորման գործընթացն անցնում է ոչ միայն հետխորհրդային տարածքում, լուրջ հեռանկարներ է այստեղ տեսնում, օրինակ, Հունաստանը:

«Հիմա Հունաստանում տնտեսական առումով բավականին բարդ շրջան է: Մենք գտնում ենք, որ հույն ձեռներեցները շատ բան ունեն առաջարկելու և շատ բան կարող են ստանալ ԵՏՄ բոլոր մասնակից երկրների հետ համագործակցությունից»,-վստահ է Հունաստանի ԱԳ փոխնախարար, Հունա-եվրասիական գործարար խորհրդի նախագահ Սպիրոս Կուվելիսը:

Հատուկ շեշտը դրվում է հենց տնտեսական գործակցության վրա: Բուն եվրասիական ինտեգրման գաղափարն այն է, որ դրական արդյունքը զգան սովորական մարդիկ: Եվս մեկ կարևոր սկզբունք է բացարձակ հավասար գործընկերությունը: Բացի այդ, վստահ են խորհրդաժողովի մասնակիցները, նման միավորումը չի հակադրում իրեն նման այլ նախագծերին, օրինակ, եվրոպական: Երկխոսությունը հնարավոր է, ասվում է հրապարակման մեջ:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին օրինագիծը:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին, առաջարկելով նոր երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության միջև էկոնոմիկայի և գործարար գործակցության վերաբերյալ:

«Մենք պետք է ինտեգրացիոն ապագա որոնենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև: Ահա հիմա ձևովորվել է Եվրոպական ընկերակցության նոր հանձնաժողովը, մենք հուսով ենք, որ մեր երկխոսությունը կակտիվանա, մենք մեր եվրոպացի գործընկերների համար կազմել ենք օրակարգի մեր տեսլականը: Ես համապատասխան նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին»,-ասել է նախարարը:

Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է միասնական տարածքի ձևավորման մասին առանց բաժանարար գծերի, ձեռներեցության զարգացման մասին, Ռուսաստան-ԵՄ երկխոսության վերսկսման, ինչպես նաև «Գործընկերություն արդիականացման համար» նախագծի շրջանակում գործակցությունը շարունակելու վերաբերյալ:

Ի պատասխան ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է ԵՏՄ հետ երկխոսության:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---