Հայաստան ներկրվող որոշ ապրանքների գինը կբարձրանա. Դրամը շարունակում է արժեզրկվել

Հայաստան ներկրվող որոշ ապրանքների գինը կբարձրանա. Դրամը շարունակում է արժեզրկվել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ից 6-ը դրամը դարձյալ արժեզրկվել է. դեկտեմբերի 6-ին ՀՀ Կենտրոնական բանկը մեկ դոլարի դիմաց սահմանել է 447,86 դրամ, ինչը նախորդ օրվա ցուցանիշից բարձր է 4,03 կետով:

Միևնույն ժամանակ, դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ–ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը հայտարարել է, որ Հայաստանում արտարժույթի կայունացումը թույլ կտա պահպանել արտահանման մրցունակությունը և բարձրացնել փոխանցումների գնողունակությունը:

«Դա շատ կարևոր է, քանի որ հակառակ դեպքում բոլոր արտահանողները, այդ թվում նաև սննդամթերքի արտադրողները կհայտնվեն լուրջ բարդությունների առջև և ստիպված կլինեն պահպանել ծավալները»,– լրագրողների հետ հանդիպմաննա ասել է նա, մեջբերում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

Նոյեմբերի 24–ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 2–ի դոլարի փոխարժեքն ավելացավ 7,07 կետով և կազմեց 442,33 դրամ, և դեկտեմբերի 6-ին հասել է 447,86 դրամի։

Նշելով, որ հայկական դրամի արժեզրկումն այն մեխանիզմն է, որի միջոցով տնտեսությունը հարմարվում է նոր պայմաններին` Սանչեսն ընդգծել է, որ դա կդառնա Հայաստան ներկրվող որոշ ապրանքների արժևորման պատճառ, ինչն իր հերթին կնպաստի մրցունակության ավելացմանը ներքին արտադրության որոշ ապրանքների համար։

ԿԲ–ի հայտարարության համաձայն` Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կայունացումը թելադրված է ազգային արտահանման մրցունակության բարձրացմամբ և արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։

Սանչեսը դժվարացել է կանխատեսում անել մինչև տարեվերջ ՀՀ-ում փոխարժեքի վարքագծի մասին. «Մենք հասկանում ենք, որ այս նոր միջավայրը բավականին բարդ է, սակայն հիմա որևէ կանխատեսում չենք կարող անել»։

Նա հավելել է, որ ստեղծված պայմաններում իշխանությունները, առաջին հերթին, պետք է ուշադրություն դարձնեն տնտեսական և ֆինանսական կայունության պահպանմանը դրամի թուլացման պայմաններում իրադարձությունների զարգացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու միջոցով։ Այլ տարբերակների թվում նա նշել է տնտեսության կարճաժամկետ աջակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև հավակնոտ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը։

Թերեզա Դաբան Սանչեսն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսությանը՝ 2015 թվականին կանխատեսելով 3,3% աճ. «Մեր կարծիքով, հաջորդ տարի իշխանությունների վարած համապատասխան քաղաքականության պայմաններում, ՀՀ տնտեսությունը համաշխարհային զարգացման ֆոնին 3,3%-անոց աճի հնարավորություն կունենա»։

Խոսելով ընթացիկ կանխատեսման մասին` ԱՄՀ ներկայացուցիչն ասել է, որ արտաքին շուկաներում կատարվող գործընթացներն իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի վրա։

«ԱՄՀ–ն իր նախնական սցենարի համաձայն, կարծում է, որ ՀՀ-ն 2014 թվականը կավարտի տնտեսության 2,6 տոկոսանոց աճով։ Այդ ցուցանիշը շատ ցածր է երկրի ներուժից»,– ասել է նա։

ԱՄՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ պրագմատիկ տեսանկյունից պետք է կենտրոնանալ հաջորդ տարվա վրա և պարզաբանել է, որ ՀՀ տնտեսական աճի ցուցանիշի վրա ազդում է, այդ թվում՝ ռուսական շուկաների վիճակը։

«Ռուսաստանում, որի տնտեությունը տարածաշրջանի խոշորագույններից մեկն է, ԱՄՀ–ն 2015 թվականին կանխատեսում է 0,5–տոկոսանոց ՀՆԱ աճ, սակայն չի բացառվում, որ տվյալ ցուցանիշը կհստակեցվի դեպի նվազում։ Ռուսական իշխանությունները հնչեցրել են նաև 0,8–տոկոսանոց տնտեսական անկման հավանականությունը»,– ասել է նա։

Այդ համատեքստում, Սանչեսի խոսքով, կարևոր են Հայաստանի տնտեսության վրա ազդող երկու գործոն` մասնավոր տրանսֆերտները ՌԴ-ից և արտահանումը։

«Հաջորդ տարի բավականին բարդ իրավիճակ է լինելու, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը ոչ այդքան լավ վիճակում է, ինչը կարող է արտացոլվել դրամական փոխանցումների և արտահանման ծավալների վրա։ Տրանսֆերտները շարունակում են աճել, սակայն ավելի դանդաղ տեմպերով, քան նախկինում, բացի այդ, միջազգային պահանջարկի թուլացման ֆոնին արտահանման ծավալների որոշակի կրճատում է դիտվում»,– պարզաբանել է բանախոսը։

Կենտրոնական բանկի տվյալներով, 2014-ի հոկտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով ստացված մասնավոր փոխանցումները, 2013–ի հոկտեմբերի համեմատ, նվազել են 19%-ով՝ կազմելով մոտ 137,5 մլն դոլար (ամսվա ընթացքում անկումը` 6%)։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանից արտահանման ծավալը հունվար–հոկտեմբերին կազմել է 1.250 մլն դոլար` ավելանալով 2,9%-ով, իսկ արտահանման ծավալը` շուրջ 3 626.5 մլն դոլար` ավելանալով 3.8%-ով։ Արդյունքում արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 2 376,5 մլն դոլար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---