Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Գելա Բեժուաշվիլու նախօրեին կայացած հանդիպման ժամանակ նշվել է, որ Վրաստանի կառավարության կողմից իրագործվելիք տնտեսական, մշակութային եւ կրթության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրագործումը մեծապես կնպաստի սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմացմանը տարածավրջանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Վարդան Օսկանյանը կրկնեց ՀՀ կառավարության առաջարկությունը հնարավորինս աջակցել Վրաստանի իշխանություններին Ջավախքում առկա խնդիրների լուծման գործում: Խոսելով հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման ընթացող աշխատանքների մասին, կողմերը, հաշվի առնելով առկա քաղաքական կամքը, վստահություն հայտնեցին, որ գործընթացը երկուստեք ընդունելի ավարտ կունենա հնարավոր կարճ ժամկետներում: Այնուհետեւ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձան եւրոպական ուղղությամբ ընթացող զարգացումներին, մասնավորապես, ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում գործողությունների ծրագրին եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման հարցերին, նշելով երկու կողմերի ջանքերի համադրության կարեւորությունը: Տարածաշրջանի զարգացման հեռանկարի առումով նախարարներն անդրադարձան հակամարտությունների կարգավորմանը: Նախարարները միմյանց տեղեկացրեցին Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջն այսօր ընթացող բանակցությունների եւ կարգավորման հեռանկարների, միջազգային տարբեր կազմակերպություններում դրանց վերաբերյալ քննարկումների յուրահատկությունների մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---