Օրհան Փամուկը Թուրքիայում տիրող մթնոլորտի մասին. Բոլորը վախեցած են, դա նորմալ չէ

Օրհան Փամուկը Թուրքիայում տիրող մթնոլորտի մասին. Բոլորը վախեցած են, դա նորմալ չէ

PanARMENIAN.Net - Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկը դեկտեմբերի 7-ին հրապարակված հարցազրույցում քննադատել է Թուրքիայում տիրող վախի մթնոլորտը:

«Ամենասարսափելին այն է, որ վախ կա: Ես տեսնում եմ, որ բոլորն ահաբեկված են, դա նորմալ չէ…Արտահայտվելու ազատությունն անկում է ապրել՝ հասնելով շատ ցածր մակարդակի»,-ասել է Փամուկը «Hurriyet»-ին տված հարցազրույցում:

Նա մեղադրել է կառավարությանը ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու համար և հատուկ ափսոսանք հայտնել ընդդիմադիր լրագրողների հետապնդման փաստով:

«Իմ բարեկամներից շատերն են ասում, որ այժմ նույնիսկ այն լրագրողները, որոնք շատ մոտ են կանգնած կառավարությանը, հետապնդումների են ենթարկվում»,-ասել է Փամուկը, հայտնում է Armenia Today-ը:

Օրհան Փամուկը թուրք մտավորականության այն սակավաթիվ ներկայացուցիչներից է, որոնք բացահայտորեն ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: 2005 թ. Փամուկը շվեյցարական թերթին տված հարցազրույցում հայտարարեց. «Թուրքիայում մոտ 1 միլիոն հայ և 300 հազար քուրդ է սպանվել: Այդ մասին ոչ ոք չի խոսում, իսկ ինձ ատում են դրա մասին խոսելու համար»: Դրանից հետո գրողի համար խնդիրներ առաջացան հայրենիքում, նա մեղադրվեց թուրքերի ինքնությունը ոտնահարելու ու նրանց զգացմունքները վիրավորելու մեջ: 2007-ին, Նոբելյան մրցանակ ստանալուց մեկ տարի անց, Փամուկը ստիպված եղավ հեռանալ Թուրքիայից և հաստատվել ԱՄՆ-ում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ժողովրդների դեմոկրատական կուսակցությունից» պատգամավոր Սեբհաթ Թունջելը առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ:

Փաստաթղթով պահանջվում է, որ նախագահ Էրդողանը ճանաչի և ներողություն խնդրի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության, Դերսիմի, Մարաշի, Սիվասի և Չորումի ջարդերի, 1980-ի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո զանգվածային կախաղանների, ինչպես նաև պետական տեռորի հետևանքով մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների համար:

Առաջարկվող բանաձևը նաև պահանջում է, որ Թուրքիայի նախագահն այցելի զանգվածային կոտորածների վայրերից մեկը, հրապարակավ կրկնի ներողությունը և ապրիլի 24-ը հայտարարի պաշտոնական սգո օր: Մեկ տարվա ընթացքում Խորհրդարանը պետք է ձևավորի Ճշմարտության հանձնաժողով և հրապարակի այս ոճրագործությունների վերաբերյալ պետական արխիվներում պահվող բոլոր փաստաթղթերը: Բացի այդ, բարոյական և նյութական փոխհատուցում պետք է տրամադրվի զոհերի ժառանգներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---