Հունաստանում Հունա-եվրասիական գործարար խորհուրդ է ստեղծվել

Հունաստանում Հունա-եվրասիական գործարար խորհուրդ է ստեղծվել

PanARMENIAN.Net - Հունաստանում Հունա-եվրասիական գործարար խորհուրդ է ստեղծվել, որի մասնակիցները մտադիր են աշխատել Եվրասիական տնտեսական միության տարածքում, հայտնել է խորհրդի փոխնախագահ Զոյա Կիպրիյանովան: «Հունա-եվրասիական գործարար խորհուրդը հիմնվեց ընթացիկ տարվա սեպտեմբերին: Նրա նախագահն է Հունաստանի ԱԳ նախկին նախարար Սպիրոս Կուվելիսը, փոխնախագահներ Ալեքսանդր Անգելոպուլոսը (փոխնախագահ և «Ալդեմար» հյուրանոցների ցանցի սեփականատեր) և Զոյա Կիպրիյանովան, որը Հունա-ռուսական առևտրային պալատի նախկին փոխնախագահն է: Անգելոպուլոսն աշխատում է տարբեր փորձագիտական խորհուրդներում Հունաստանում հեղինակություն ունեցող ինստիտուտներում ու կազմակերպություններում»,-ասել է Կիպրիյանովան:

«Խորհրդի նպատակն է զարգացնել գործարար հարաբերությունները ինչպես ԵՏՄ, այնպես էլ այլ անդրազգային նախագծերում, զարգացնելով նաև երկկողմ հարաբերությունները ԵՏՄ անդամ բոլոր երկրների՝ ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի, իսկ հունվարի 1-ից նաև Հայաստանի հետ: Այսինքն աշխատանքն իրագործվելու է երկու մակարդակում՝ ազգային ու անդրազգային: Քանի որ ԵՏՄ-ն կունենա ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի տեղաշարժի միասնական շուկա, մենք կմասնակցենք ապրանքների միասնական շուկային: Մենք մտադիր ենք աշխատել եվրասիական տարածքում»,-ասել է Կիպրիյանովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, Կուվելիսը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել Եվրասիական հանձնաժողովում բարձր մակարդակում: Կիպրիյանովան ասաց, որ գործարար խորհրդի աշխատանքին մասնակցելու նախնական մտադրություն են արդեն հայտնել մի քանի խոշոր գործարարներ, խոշոր ընկերություններ:

«Առաջին փուլում մենք աշխատելու ենք հիմնականում խոշոր ընկերությունների հետ: Բնականաբար, մենք ներկայացնում ենք խոշոր բիզնեսի շահերը, որը շահագրգռված է դուրս գալ հենց անդրազգային նախագծերի մակարդակ ԵՏՄ տարածքում»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հունաստանը մտադիր է համագործակցել ԵՏՄ հետ:

«Հիմա Հունաստանում տնտեսական առումով բավականին բարդ շրջան է: Մենք գտնում ենք, որ հույն ձեռներեցները շատ բան ունեն առաջարկելու և շատ բան կարող են ստանալ ԵՏՄ բոլոր մասնակից երկրների հետ համագործակցությունից»,-վստահ է Հունաստանի ԱԳ փոխնախարար, Հունա-եվրասիական գործարար խորհրդի նախագահ Սպիրոս Կուվելիսը:

Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ին վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին օրինագիծը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---