ՀԲ փորձագետներն ուսումնասիրություններ կանեն «Նաիրիտ»-ում. Աշխատողները նորից վարչապետի մոտ էին

ՀԲ փորձագետներն ուսումնասիրություններ կանեն «Նաիրիտ»-ում. Աշխատողները նորից վարչապետի մոտ էին

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ևս մեկ անգամ ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Հանդիպմանը քննարկվել են գործարանի հետագա գործարկման հնարավորությունները և այդ ուղղությամբ հնարավոր քայլերը: Նշվել է, որ «Նաիրիտ»-ի խնդիրներին լուծում պետք է տրվի բացառապես օրենքի շրջանակում և գործադիրը պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ գործարանի հետագա գործարկման համար, տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Համաշխարհային բանկի միջազգային փորձագետներն ուսումնասիրություններ են կատարելու «Նաիրիտ»-ում՝ գործարանի գործարկման հնարավորության վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար: Ակնկալվում է, որ այն կներկայացվի 2015-ի առաջին եռամսյակում:

Դեկտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ գործարանի ամբողջ աշխատակազմը ծանուցագրեր է ստանալու, որոնք տեղեկացնելու են՝ 2015-ի փետրվարի 6-ից բոլորi պայմանագրերը լուծարվելու են: Այնուհետև մոտ 500 աշխատակցի հետ նոր պայմանագրեր են կնքվելու` գործարանի պահպանման աշխատանքների համար:

Դրանից հետո գործարանի տնօրինությունը մեկնաբանել էր, թե «Նաիրիտ»-ում աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա պարտքերի կուտակումը կանխելու համար, իսկ աշխատողների հնարավոր կրճատման դեպքում ընկերությունը գործելու է բացառապես գործող օրենսդրության սահմաններում:

Միաժամանակ նշվել է, որ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի նաիրիտցիները հունվարին ստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ: Նոյեմբերին արդեն իսկ վճարվել է մեկ ամսվա աշխատավարձ, նույնքան էլ կվճարվի դեկտեմբեր ամսին:

Ինչպես ավելի ուշ նշել է գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը, «ոչ մի նոր բան էլ չեն չխոստացել՝ մեկ ամսվա աշխատավարձ դեկտեմերին, մեկն էլ հունվարին», գրում է Panorama.am-ը:

«Համաշխարհային բանկի ներկայացուցիչները կգան, մինչև փետրվարի վերջ եզրակացություն կտան գործարանի վերագործարկման հնարավորությունների մասին, եթե գործարանը սկսի աշխատել, Միջպետական բանկից էլ վերցնեն բաժնեմասը, կմտածեն ամբողջ աշխատավարձը փակելու մասին»,- մանրամասնել է Հարությունյանը:

Նոյեմբերի 5-ին հայտարարվել էր, որ մինչև տարեվերջ գործարանը կմարի իր աշխատակիցների աշխատավարձերի ամբողջ պարտքը, որը մոտ 15 մլն ԱՄՆ դոլար է կազմում: Գործարանի աշխատակիցները 12-16 ամսվա կուտակված աշխատավարձերի պարտք ունեն: Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, թե նաիրիտցիների աշխատավարձն ամբողջությամբ փակելու խոստում չի եղել:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել էր: Այս պահին արժեթղթերի 90 տոկոսը ռուսական Մեջգոսբանկի մոտ է, որոնք գրավադրված են, ևս 10 տոկոսը Կառավարությանն են:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---