Ազատամարտիկները կոնկրետ քայլեր են ձեռնարկելու. Նրանց ժողովրդի մանդատն է պետք

Ազատամարտիկները կոնկրետ քայլեր են ձեռնարկելու. Նրանց ժողովրդի մանդատն է պետք

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին Եռաբլուրում կայացել է ազատամարտիկների հավաքը, որի հիմնական նպատակն ու պատճառն «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին և Սուրեն Սարգսյանին օրերս ծեծելու փաստն էր: Ազատամարտիկներին զայրացրել էր փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայտարարությունները, թե ով իր ներկայությամբ հայհոյի նախագահին, ապա «ականջները կկտրի»:

«Երկիրը» գրում է, որ ազատամարտիիկների շարքում են եղել նաև պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը և բազմաթիվ այլ հրամանատարներ՝ Հայաստանի տարբեր մարզերից: Ներկաները նախ ծաղիկներ են դրել արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին, մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:

Այնուհետև հայտարարվել է, որ գիտակցելով են եկել Եռաբլուր, և սա ոչ թե հանրահավաք է, այլ համաժողով. փորձել են հավաքել բոլոր նրանց, ովքեր «ցավում են Հայաստանում տիրող իրավիճակի համար և պատրաստ են լուծել կարևոր խնդիրները»: Նրանք հայտարարել են նաև, որ իրենց վրա են ուզում վերցնել ազատամարտիկների և հայ ժողովրդի անվտանգության հարցը, որովհետև կան հարցեր, որոնք դեռ պատասխան չունեն, ժողովրդի մեջ կան կասածներ, որոնք օրեցօր ավելի են խորանում:

«Բարձրագոչ հայտարարություններ են անում նրանք, ովքեր տեղյակ չեն մարդկանց հոգսից: Մենք պատրաստ ենք ժողովրդի հոգսը մեզ վրա վերցնել, բայց մեզ ժողովրդի մանդատն է պետք: Պետք է անցնենք կոնկրետ գործողությունների և ասենք, որ այլևս չպետք է շարունակվեն անօիրնականությունները»,- ազատամարտիկների անունից հայտարարել է Սմբատ Հակոբյանը:

Միևնույն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնաբանել է վերջին օրերին ազատամարտիկների հետ տեղի ունեցած միջադեպերն ու դրանց վերաբերող արձագանքները:

Դեկտեմբերի 10-ին ԶԼՄ-ներոմ տեղեկատվություն էր տարածվել, որ նախորդ օրը հարձակման ու ծեծի են ենթարկվել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

«Արցախյան ազատամարտի մասնակիցների դեմ կատարված բռնարարքների հաջորդ իսկ օրն առաջիններից մեկն եմ հրապարակավ դատապարտել ազատամարտիկի արժանապատվությունը վիրավորելու յուրաքանչյուր դրսևորում և խոստացել հնարավորությունների սահմաններում պարզել կատարվածի բոլոր հանգամանքները, որից հետո տալ համարժեք գնահատական: Սակայն վճռաբար մերժում եմ իրավապահ մարմիններին օգնելու փոխարեն ցանկացած միջադեպ քաղաքականացնելով` հասարակության ու ազատամարտիկների շրջանում պառակտում մտցնելու փորձերը»,- նշել է նախարարը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ քաջածանոթ է իր զինակից ընկերներին հուզող հարցերին, որոնք միշտ եղել են ՊՆ և անձամբ իր ուշադրության կենտրոնում:

«Ես և պաշտպանության նախարարության ու զինված ուժերի ղեկավար կազմը միշտ ձգտել ենք հնարավորության սահմաններում գտնել նրանց ունեցած խնդիրների լուծումը, և համոզված եմ, որ այդ ուղղությամբ կատարված անգամ փոքրիկ աշխատանքն անհամեմատ նախընտրելի է երեսպաշտ ու ամբոխահաճո հայտարարություններից: Մանավանդ, որ երկրի ղեկավարությունը մեզանից պահանջում է այս ամենի ապահովումը և հստակ կատարումը»,- ասել է նախարարը` հավելելով, որ Սերժ Սարգսյանը խիստ վրդովմունքն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ և իրավապահ մարմիններից պահանջել իրենց իրավասությունների շրջանակում գործուն միջոցներ ձեռնարկել նախկին կամավորականների արժանապատվությունը պաշտպանելու համար՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, գրում է Tert.am-ը:

Սեյրան Օհանյանի խոսքով, երբեք հակադիր խրամատներում չեն եղել ազատամարտիկների հետ, ու թեև այսօր շատ հարցերի նկատմամբ տարբեր մոտեցումներ կան, ոչ ոք չպիտի փորձի վերջիններիս թշնամական ճամբարներում ներկայացնել:

«Եռաբլուրը սրբատեղի է և չի՛ կարելի քաղաքական այսրոպեական նկրտումներով շահարկումների բեմահարթակ դարձնել մեր զոհված ընկերների այս սուրբ պանթեոնը»,- ասել է Սեյրան Օհանյանը` կոչ անելով սպասել իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքներին, այլ ոչ թե ականջալուր լինել քաղաքականացված հայտարարություններին:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչն այցելել է «Ազատամարտիկների դաշինք» ՀԿ-ի գրասենյակ՝ հիշյալ տեղեկատվության վերաբերյալ Մանվել Եղիազարյանից և Ռազմիկ Պետրոսյանից պարզաբանումներ ստանալու նպատակով: Նրանք հրաժարվել են հաղորդում տալ որևէ հանգամանքի վերաբերյալ և նշել են, որ բողոք կամ պահանջ չունեն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---