ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է հուսալ, որ Երեւանն ու Բաքուն կհասնեն համաձայնության

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների փոխնախարարները առաջարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին հիմնարար սկզբունքների մի փաթեթ, որը մեր կարծիքով արդարացի է, հավասարակշռված, գործունակ ու երկու կողմերի համար կարող է ճանապարհ հարթել կարգավորման հեռանկարային համաձայնագրի մշակման համար: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարության մեջ, որը ներկայացվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդում: Փաստաթղթում ասվում է, որ միջնորդները շարունակում են հավատալ այդ սկզբունքներին եւ կոչ են անում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին որպես հիմք ընդունել դրանք համաձայնության համար: «Ցավոք, այդպիսի համաձայնության նախագահները Բուխարեստում չեկան: Որպես այս գործընթացի միջնորդներ մենք չենք խախտի նրանց դիվանագիտական երկխոսության գաղտնիությունը, քանի որ մենք շարունակում ենք հուսալ, որ նրանք համաձայնության կգան»,-նշվում է հայտարարության մեջ:



«Համանախագահող երկրների կողմից երկու նախագահներին առաջարկված սկզբունքները հանդիսանում են մեր նախորդների կողմից մշակված ավելի քան ինը տարվա մանրամասն առաջարկների արդյունքը: Չնայած կողմերն այդ առաջարկները չեն ընդունել, մեր նախորդների աշխատանքը մեզ համար կարեւոր հիմք է հանդիսանում: Մեր մոտեցումը վերանայվել է. մենք չենք փորձել մի փուլով կարգավորել ղարաբաղյան հակամարտության բոլոր ասպեկտները: Դրա փոխարեն մենք առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ հասնենք նշանակալի առաջընթացի, սակայն մի քանի չափազանց դժվար հարցերի կարգավորումը թողնել ապագային ու նախատեսել հետագա բանակցություններ: Այսինքն, գործնական ու հավասարակշռված կերպով կարգավորվում են այն հարցերը, որոնք կարող են անմիջապես կարգավորվել»,-գտնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով միջնորդները:



Այս սկզբունքները ներառում են հայկական զորախմբերի փուլային հանումը Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքներից` հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ: Հետեւելու է այս տարածքների ապառազմականացումը: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար ապագայում նախատեսվում է հանրաքվե կամ համընդհանուր քվեարկություն, որի ժամկետը սահմանված չէ: Կողմերը պարտավորվելու են շարունակել բանակցությունները այդ հանրաքվեի ժամկետն ու ձեւաչափը որոշելու համար: Որոշակի միջանկյալ պայմանավորվածություններ կլինեն, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի շփումը միջազգային աջակցություն ցուցաբերողների հետ: Կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր: Կստեղծվի համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողով: Միջազգային ֆինանսական աջակցություն կապահովվի ականազերծման, վերականգնողական աշխատանքների ու ներքին տեղահանվածներին նախկինում օկուպացված ու Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած տարածքներում վերաբնակեցնելու նպատակով:



«Կողմերն հրաժարվում են ուժ կիրառելուց կամ այդպիսի սպառնալիքներ ներկայացնելուց, ու ապահովվում են միջազգային ու երկկողմ անվտանգության երաշխիքներ ու հավաստիացումներ: Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշման նպատակով անցկացվելիք հանրաքվեի կամ համընդհանուր քվեարկության գաղափարի մասով կուզենայինք նշել, որ դա պետք է լինի երկու կողմերի բանակցային համաձայնության արդյունքը: Պետք է լինեն համապատասխան նախադրյալներ, որպեսզի քվեարկությունը անցկացվի մի միջավայրում, որտեղ չկա պարտադրանք, իսկ իրազեկ քաղաքացիներն ունեն իրենց դիրքորոշումները կշռադատելու լայն հնարավորություններ հրապարակային եռանդուն բանավեճերից հետո»,-ընդգծվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---