Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արդյունահանման ծավալն ավելացել է 2,57%-ով` դառնալով 16,5 մլն տոննա

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արդյունահանման ծավալն ավելացել է 2,57%-ով` դառնալով 16,5 մլն տոննա

PanARMENIAN.Net - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի արդյունահանման ծավալը հունվար–հոկտեմբերին կազմել է 16 մլն 462 հազար տոննա, ինչը 2,57%-ով ավելի է 2013–ի նույն ցուցանիշից, նշվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ամփոփագրում, որը վերաբերում է պղնձի հանքերի վերամշակմամբ զբաղվող ինը ձեռնարկությանը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ն զբաղվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքի վերամշակմամբ։

ԱՌԿԱ գործակալության հաղորդմամբ, չնայած հանքի արդյունահանման ծավալների աճին, գումարային արտահայտությամբ հաշվետու ժամանակահատվածում կոմբինատի ապրանքային արտադրության ծավալը կազմել է 102,3 մլր դրամ, ինչը 0,89%-ով պակաս է 2013–ի ցուցանիշից։

Միաժամանակ վճարված ռոյալթիի գումարը կրճատվել է 54,12%-ով և 2014–ի հունվար–հոկտեմբերին կազմել մոտ 5,4 մլրդ դրամ։

Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ն Հայաստանի առաջատար լեռնահանքային ընկերությունն է։Այն 1951-ին հիմնվել է որպես պետական ձեռնարկություն, այնուհետև 2004-ին՝ մասնավորեցվել։ Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ: Տարածաշրջանի ամենամեծ բաց հանքում արդյունահանվում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր:

Այն շահագործում է պղնձի և մոլիբդենի հաստատված և կանխատեսված պաշարներով հանքավայրերը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի սեփականատերերն են գերմանական Cronimet Mining AG–ն (60%), «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ–ն (15%), «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ–ն (12.5%), «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ–ն (12.5%)։

Ընկերության ծրագրերի համաձայն` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ն նախատեսում է 2016–ին ավելացնել վերամշակող հանքի ծավալը` մինչև տարեկան 22 մլն տոննա։ Միաժամանակ ընկերությունը նախատեսում է 2014 թվականն ավարտել 18,7 մլն տոննա ցուցանիշով։ Ըստ զարգացման պլանի` նոր արտոնագրի հայտ է պատրաստվում, և երրորդ եռամսյակում կոմբինատը նախատեսում է հանքի վերամշակումը հասցնել 20 մլն տոննայի։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, ապա նախատեսվում է 2016–ը սկսել 22 մլն տոննա ծավալով։

ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում 2014 –ի հունվար–հոկտեմբերին պղնձի հանքերի արդյունահանման ծավալը կազմել է 157,1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 8,4%-ով ($1 – 462,81 դրամ)։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---