Այս պահին ԵԱՀԿ ՄԽ-ն իմաստ չի տեսնում Քոչարյան-Ալիեւ լրացուցիչ հանդիպումներ նախաձեռնելում

PanARMENIAN.Net - «Մենք չենք տեսնում իմաստ այս պահին շարունակելու վերջին մի քանի ամիսների ինտենսիվ միջնորդային դիվանագիտությունը: Մենք նաեւ իմաստ չենք տեսնում` նախաձեռնելու լրացուցիչ հանդիպումներ նախագահների միջեւ, մինչեւ նրանք չցուցադրեն մնացած անհամաձայնությունները հաղթահարելու բավարար քաղաքական կամք»,-ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարության մեջ, որը ներկայացվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդում հունիսի 22-ին: Ըստ փաստաթղթի, համանախագահները կշարունակեն մնալ հասանելի երկու կողմերին հավատարմորեն եւ անկողմնակալ կերպով ծառայելու որպես միջնորդներ: «Միջնորդները գործելով կատարյալ միասնականության մթնոլորտում` ներկայացնում են մի փաստաթուղթ, որն արտացոլում է մեր եռանդուն աշխատանքը, եւ վստահ են, որ հիմա ժամանակն է, որ երկու նախագահները ձեռնամուխ լինեն ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջխաղացում կատարելուն: Սա միակ ճանապարհն է` ամրապնդելու այն դրական արդյունքները, որոնք արդեն ձեռք են բերվել բանակցությունների վերջին երկու տարվա ընթացքում, որպեսզի ավելի ուշ կարիք չլինի բանակցությունները վերսկսել զրոյից»,-նշվում է հայտարարության մեջ:



«Մենք զգոն կլինենք: Մենք կշարունակենք մեր վերլուծությունները եւ խորհրդակցությունները` մեր միացյալ եւ արդյունավետ ձեւաչափով, Մինսկի խմբի համանախագահների մեր շարունակվող դերում, դեսպան Կասպրչիկի եւ նրա թիմի օգնությամբ: Մենք պատրաստ կլինենք նորից մասնակցել, եթե իրոք կողմերը որոշեն շարունակել բանակցություններն այն քաղաքական կամքով, որը մինչեւ այժմ բացակայել է»,-ընդգծում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---