ԱՄՆ-ում գտնում են, որ Ուսամա բեն Լադենը գտնվում է ԱՊՀ երկրներից մեկում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտոնյաները հայտնաբերել են Ուսամա բեն Լադենին նախկին ԽՍՀՄ Կենտրոնական Ասիայի պետություններից մեկում: Աշխարհում ամենաորոնվող ահաբեկչի գտնվելու վայրի վերաբերյալ ենթադրություն է արել Սպիտակ տան հակաահաբեկչության գծով նախկին համակարգող Ռիչարդ Կլարկը: ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել այդ հայտարարությունը: ԱՄՆ Ազգային հանրային ռադիոյին տված հարցազրույցում Ռիչարդ Կլարկը ենթադրել է, որ այժմ «Ալ-Ղաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը թաքնվում է նախկին ԽՍՀՄ Կենտրոնական Ասիայի պետություններից մեկում: «Երբ դուք փնտրում եք ողջ Պակիստանով մեկ եւ չեք կարողանում գտնել, գուցե, նա ուղղակի այնտեղ չէ»,-մեջբերում է նրա խոսքերը ՌԻԱ «Նովոստին»: Ընդ որում Կլարկը չի բացառել, որ այն վայրերի ցուցակում, որտեղ կարող է լինել բեն Լադենը, կան նաեւ Սոմալին եւ Իրանը:



ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել այդ հայտարարությունը: «Մենք չգիտենք, թե ինչ հիմքեր ունեն ամերիկացի պաշտոնյաները նման հայտարարություններ անելու համար, ուստի եւ չենք կարող դրանք մեկնաբանել»,-հաղորդել են ԱՀԾ մամլո ծառայությունում: Ղրղզստանի իրավապահ եւ ուժային կառույցները այսօր պաշտոնապես հայտարարել են, որ տեղեկություններ չունեն հանրապետության տարածքում Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրի մասին:



«Պետք է շատ լուրջ վերաբերվել այդ հայտարարությանը, եթե ԱՄՆ-ն ասում է, ուրեմն բավարար հիմքեր ունի դրա համար»,-նշել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Միրոսլավ Նիյազովը: Նա ընդգծել է, որ «չի բացառում այն հնարավորությունը, որ բեն Լադենը կարող է հայտնվել այդ տարածաշրջանում: Կենտրոնական Ասիայի հանրապետությունները պետք է «բարձր զգոնություն ցուցաբերեն», գտնում է Անվտանգության խորհրդի քարտուղարը:



Ուսամա բեն Լադենն այժմ գլխավորում է Ամերիկայի կողմից որոնվող ահաբեկիչների ցուցակը` նրա համար 50 մլն դոլար գլխագին է նշանակված: Այնուամենայնիվ «Ալ-Ղաիդայի» առաջնորդի հնգամյա որսը մինչ օրս հաջողության չի բերել: Մի քանի անգամ բեն Լադենին մահացած են համարել: Այն, որ բեն Լադենն ողջ է, հաստատում է վերջերս Իրաքում «Ալ-Ղաիդայի» առաջնորդ Աբու Մուսա ազ-Զարկավիի ոչնչացումը: Իր կոչում Ուսամա բեն Լադենը պահանջեց ԱՄՆ-ից հարազատներին վերադարձնել ազ-Զարկավիի դին, որը սպանվեց Իրաքում հունիսի 7-ին: Վաշինգտոնում բեն Լադենի ձայնագրությունը իրական են համարել, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---