Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 8,5 տոկոս

Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 8,5 տոկոս

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1,75 կետով՝ մինչև 8,50 տոկոս, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

2014 թվականի նոյեմբերին արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.9 տոկոսի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 2.6 տոկոս:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ չնայած ակնկալվում է, որ տարեվերջին 12-ամսյա գնաճը դեռևս կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում, սակայն ապագա գնաճային ճնշումները մեղմելու և առկա գնաճային սպասումները նպատակային ցուցանիշի շուրջ խրասխելու նպատակով ՀՀ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Ասվում է, որ ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի արագացման պատճառով ձևավորվել են ԱՄՆ-ում տոկոսադրույքների հետագա բարձրացման սպասումներ: Վերջինս պատճառ հանդիսացավ զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի դեպի ԱՄՆ, որը նպաստեց հիմնական զարգացող երկրների տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը եւ արժույթների արժեզրկմանը: Տարածաշրջանում այս ամենին լրացրեց հումքային շուկաների, հատկապես նավթի, գնանկումը եւ աշխարհաքաղաքական հիմնախնդիրները, որոնք նպաստեցին ՌԴ տնտեսության նկատմամբ բացասական սպասումների ձեւավորմանը եւ ռուբլու ու այլ հետխորհրդային երկրների արժույթների արժեզրկմանը:

Այն բանից հետո, երբ անցած շաբաթ ռուբլին ամենամեծ անկումը գրանցեց 1999 թվականից ի վեր, Ռուսաստանի Բանկը բարձրացրեց առանցքային տոկոսադրույքը մինչև տարեկան 17 տոկոս: Ռուսական արժույթի կայունացումը այդ գործողությունների հետևանքն է:

Ռուսաստանում տնտեսական խնդիրներն ու ռուսական ռուբլու անկումը բացասաբար են անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ 2014-ի հունվար-հոկտեմբերին Ռուսաստանից փոխանցվել է 1,240 մլրդ դոլար 2013-ի 1,298 մլրդ դոլարի դիմաց, անկումը կազմել է 4,5 տոկոս: Ընդհանուր առմամբ 10 ամսում երկիր է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահատվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---