Իրանի նախագահը զգուշացնում է. Նավթի գնանկումը հրահրող երկրներն ափսոսալու են

Իրանի նախագահը զգուշացնում է. Նավթի գնանկումը հրահրող երկրներն ափսոսալու են

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գների անկումը հրահրած երկրները կափսոսան իրենց որոշման համար և կտուժեն բացասական հետևանքներից նույնքան, որքան Իրանը: Նման կարծիք է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

2014-ի ամռան սկզբից նավթի գները նվազել են 50 տոկոսով: Չնայած դրան ՕՊԵԿ շատ երկրներ հայտարարում են, որ մտադիր չեն կրճատել արդյունահանման ծավալները, հայտնում է Russia Today-ը:

Իրանի տնտեսությունը տուժում է նավթի գների անկումից, խոստովանել է նախագահ Ռոուհանին Բուշերում կայացած հանրահավաքում: Սակայան, ըստ նրա, Սաուդյան Արաբիան ու Քուվեյթն ավելի շատ կկորցնեն: «Նավթի գների անկումը հրահրած երկրները կափսոսան իրենց որոշման համար: Եթե Իրանը տուժում է նավթի գների անկումից, իմացեք, որ մյուս նավթ արդյունահանող երկրներն ավելի շատ կտուժեն»,- մեջբերում է Ռոուհանիի խոսքը ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ռոուհանին անդրադարձել է Քուվեյթին՝ հիշեցնելով, որ այդ երկրի բյուջեն 95 տոկոսով կախված է սև ոսկու արտահանումից: Ուստի 2015-ին նրա բյուջեն կհամալրվի ընդամենը 33 տոկոսով:

Ռոուհանին նշել է, որ Իրանը ճնշում չի գործադրում նավթի համաշխարհային գների վրա, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ անկումը տևական չի լինի: «Արևմտյան երկրները կարծում են, որ խնդիրներ են ստեղծում Իրանի համար, սակայն դա սպասված արդյունքը չի տա»,-հայտարարել է նա: Ըստ նրա, Թեհրանը կարող է փոխհատուցել կորուստները: «Սպառնալիքների ու պատժամիջոցների դարաշրջանն ավարտվել է»,-ասել է Իրանի նախագահը:

Իրանի բյուջեի 60 տոկոսն է համալրվում նավթի արտահանման շնորհիվ, ուստի երկիրը մտադիր է ավելացնել նավթի հետ կապ չունեցող ապրանքների առևտրից ստացվող մուտքերը:

Միացյալ Արաբական Էմիրությունների էներգետիկայի նախարար Սուհեյլ Ֆարաջ ալ Մարուզին հայտարարեց, որ ՕՊԵԿ-ը այլևս չի կարող պահել նավթի գները: Հունվարի 11-ին Իրանի ու Վենեսուելայի նախագահները համաձայնագիր կնքեցին նավթի գների հետագա նվազումը կանխելուն ուղղված համատեղ գործողությունների մասին:

2014-ի նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---