Պատերազմը Լեռնային Ղարաբաղում ճանապարհ կլինի դեպի անդունդ

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնան պատերազմը վերսկսելուց: Ամենակարեւորն այն է, որ կողմերը հասկանան, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի նախկին արտգործնախարար Կլաուս Կինկելի գրասենյակի ղեկավար, քաղաքական քարոզարշավների փորձագետ Ռոլֆ Շտելտեմայերը: «Պատերազմը դա ճանապարհ է դեպի անդունդ: Եթե ռազմական բախում լինի, ապա Հայաստանին եւ Ադրբեջանին շատ դժվար կլինի անդամակցել Եվրամիությանը: Օրինակ, Թուրքիան Կիպրոսի խնդրի պատճառով հսկայական դժվարությունների է հանդիպում Եվրամիությանն անդամակցելու համար: Մի խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի եվրաինտեգրման գործընթացում բարդություններ կառաջանան»,-նշել է նա: Գերմանացի փորձագետն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման հարցում կարեւորը քաղաքական կամքն է: «Ցավոք, դեռեւս ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չեն դրսեւորում այդ կամքը: Սա հիմք է, որի վրա է հենվում կարգավորման ողջ գործընթացը, հակամարտող կողմերը պետք է համաձայնվեն, որ այս պահի դրությամբ անհնար է հասնել հակամարտության վերջնական կարգավորմանը: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնվեն խնդրի փուլային լուծմանը: Սակայն կողմերը մինչ այժմ չեն եկել վերջնական համաձայնության այդ հարցի շուրջ: Երկրորդը, եթե հնարավոր չէ լուծել կարգավիճակի հետ կապված հարցերն այս փուլում, ապա դրանց լուծումը պետք է հետաձգել: Այժմ պետք է միջոցներ ձեռնարկել, նվազեցնելու համար չլուծված հակամարտության բացասական արդյունքները»,-գտնում է Ռոլֆ Շտելտեմայերը:



Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության լուծման արագացմանը, ապա գերմանացի քաղաքական գործիչը գտնում է, որ առաջին պատճառը Հարավային Կովկասի կարեւորությունն է: «Եվ բանը միայն նավթը չէ, կան նաեւ այլ տնտեսական պատճառներ: Հարավային Կովկասն արդեն Եվրոպայի սահման է: Ուստի Հարավային Կովկասն Եվրոպայի ուշադրության կենտրոնում է, ԱՄՆ-ն նույնպես շահագրգռված է, որ տարածաշրջանում կայունություն լինի: Եվ պատճառը միայն փողն ու նավթը չէ, այլ նաեւ իրավիճակը Իրանի, Իրաքի եւ ահաբեկչության դեմ պայքարի շուրջ է: Բացի այդ, Հարավային Կովկասը կարող է դառնալ մեծ պետությունների առճակատման գոտի: Իրանը շատ մոտ է գտնվում, եւ Եվրոպան չի ցանկանում խնդրահարույց գոտում վտանգի եւս մեկ աղբյուր ունենալ` ղարաբաղյան հակամարտությունը»,-ընդգծել է Ռոլֆ Շտելտեմայերը, գրում է «Անալիտիկա.ազ-ը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---