Ֆրանսիացի սենատոր. Խաղաղություն կհաստատվի միայն Ուկրաինայի դաշնայնացման դեպքում

Ֆրանսիացի սենատոր. Խաղաղություն կհաստատվի միայն Ուկրաինայի դաշնայնացման դեպքում

PanARMENIAN.Net - Կայուն և տևական խաղաղությունն Ուկրաինայում հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկիրը դառնա երկլեզու դաշնային պետություն: Նման կարծիք է հայտնել ֆրանսիացի սենատոր, Ֆրանսախոս աշխարհի հետ գործակցության ու կապերի գծով նախկին նախարար Ժան Մարի Բոկելը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Slate-ի վրա հղումով:

«Հաշվի առնելով մշակութային, լեզվական, տնտեսական գործունեության իշխող ուղղություններն ու աշխարհաքաղաքական ուղղվածությունը, Ուկրաինայում հակամարտության հանգուցալուծման միակ կայուն ու տևական միջոցը այն դաշնային երկլեզու պետության վերածելն է, որը կլինի առավելապես ապակենտրոնացված ու չեզոք ռազմական առումով»,-կարծում է ֆրանսիացի սենատորը:

Ըստ Բոկելի, եվրոպամետ արևմուտքի և ռուսամետ արևելքի միջև քաղաքացիական պատերազմի պայմաններում միակողմանի մոտեցմամբ տևական հանգուցալուծումն Ուկրաինայում անհնար է:

«Եթե մոտեցումն այն է, որ պետք է ստիպել մի ճամբարին ենթարկվել մյուսին, ապա հակամարտությունը կշարունակվի»,-վստահ է ֆրանսիացի քաղաքական գործիչը:

Մինչդեռ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի ֆինանսական աջակցությունն Ուկրաինայի կառավարությանը և կուժեղացնի դիվանագիտական ու տնտեսական ճնշումը Ռուսաստանի հանդեպ: Ըստ ՄԱԿ-ի, Ուկրաինայի արևելքում հակամարտության սկզբից ի վեր 5 187 մարդ է զոհվել: Վիրավորների ցանկում 11 515 մարդ կա: Ներքին տեղահանվածների քանակն Ուկրաինայում կտրուկ աճեց և հասավ մոտ մեկ միլիոնի, ևս 600 հազարը փախստական է դարձել:

Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրացման համար պատասխանատվությունը կողմերն իրար վրա են բարդում: Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարեց, որ հրաման է արձակել ճնշել ուկրաինական ուժայինների դիրքերը Մարիուպոլից դեպի արևելք տարածքում այն բանից հետո, երբ Կիևը փորձեց բնակելի շրջանների գնդակոծության մեղքը բարդել իրենց վրա: Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն, որը հունվարի 25-ը սգո օր հայտարարեց, քաղաքի գնդակոծությունն անվանեց «ոչ թե ուղղակի ահաբեկչական գործողություն», այլ «ոճրագործություն մարդկության դեմ»:

Ըստ Մինսկի պայմանավորվածությունների կենտրոնական կիևյան իշխանությունների և ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների միջև, երկու կողմերը պետք է 30 կմ հեռացնեին հրետանին, որպեսզի հրետակոծությունները չվնասեին խաղաղ բնակչությանը: Փաստացի, պայմանավորվածությունը չի պահպանվում: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---