Կասկածներ կան, որ S&P և Moody's-ը կազմել են վարկանիշները շահադիտական նպատակներից ելնելով

Կասկածներ կան, որ S&P և Moody's-ը կազմել են վարկանիշները շահադիտական նպատակներից ելնելով

PanARMENIAN.Net - ԱՄՆ արդարադատության նախարարությունն ավարտում է վարկանիշային Standard & Poor’s գործակալության դեմ դատավարությունը և ուսումնասիրում է Moody's-ի գործունեությունը, հայտնում է Russia Today-ը: Ընկերություններին կասկածում են հիփոթեքային վարկերով գործարքների համար բարձր վարկանիշ նշանակելու մեջ, որի արդյունքում 2008-ի տնտեսական ճգնաժամի ընթացքում մարդիկ միլիարդավոր դոլարներ կորցրեցին:

Իրավաբանները չեն բացառում, որ դա արվել է շուկայում ավելի մեծ մասնաբաժին ստանալու նպատակով: Արդարադատության նախարարության ներկայացուցիչները բազում հանդիպումներ են ունեցել Moody’s-ի նախկին աշխատակիցների հետ պարզելու համար, թե ինչ հիմնավորմամբ են կազմվել արժեթղթերի պորտֆելների վարկանիշերը ֆինանսական ճգնաժամից առաջ՝ 2004-2007 թթ, հայտնում է The Wall Street Journal-ը:

S&P, որն ամենամեծ վարկանիշային գործակալությունն է, և Moody’s-ը, որը երկրորդ դիրքում է, ААА վարկանիշն էին սահմանել անշարժ գույքի համար, որի արդյունքում նույնիսկ պահպանողական ներդրողները բարձր ռիսկայնության ակտիվներով ապահովված արժեթղթեր էին ձեռք բերում: Երբ փլուզվեց անշարժ գույքի շուկան, ամբողջ երկրով տարածված այդ արժեթղթերով կորուստները խորացրեցին ճգնաժամը և միլիարդավոր դոլարներ արժեցան ներդրողների համար, ասվում է պարբերականում:

Դեռ որոշված չէ, թե արդյոք դատական հայց կներկայացվի գործակալության դեմ, պնդում են պարբերականի աղբյուրները: Moody’s-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից: Բացի այդ, նախարարությունում կասկածում են, որ վարկանիշային գործակալությունները զոհաբերել են սեփական չափանիշները շահադիտական նպատակներին:

Հետաքննությանը մոտ մարդիկ պատմել են թերթին, որ արդարադատության նախարարությունը դեռ 2010-ին էր սկսել հետաքրքրվել Moody’s-ով: S&P-ի դեմ հայցը ներկայացվել է 2013-ին, և գործը մոտենում է ավարտին. գործակալությունը ստիպված կլինի մոտ 1,37 մլրդ դոլար վճարել ավելի քան 12 ԱՄՆ նահանգներին, որոնք տուժել են ճգնաժամի հետևանքով:

«Moody’s և S&P-ն կիրառել են ոչ պատշաճ մոդելներ ու մեթոդաբանություն» բարձր ռիսկայնության վարկերի ռիսկերը գնահատելիս և «շուկայի նոր հատված գրավելու սուր ցանկություն են դրսևորել»,-կարծում է Ֆիլ Անգելիդեսը՝ Կալիֆորնիայի նախկին գանձապետը, որը գլխավորում է ֆինանսական ճգնաժամի հետաքննության հանձնաժողովը: Ի տարբերություն այնպիսի խոշոր բանկերի, ինչպիսիք են Morgan Stanley-ին, որոնք ֆինանսական ճգնաժամի հետ կապված վճարել են ավելի քան 100 մլրդ դոլար, վարկանիշային գործակալություններին տևական ժամանակ հաջողվում էր խուսափել հսկիչ մարմինների ուշադրությունից, նշում է The Wall Street Journal-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---