2015-ին Ադրբեջանում գործազրկության կտրուկ աճ է ակնկալվում

2015-ին Ադրբեջանում գործազրկության կտրուկ աճ է ակնկալվում

PanARMENIAN.Net - Տնտեսագետները գործազրկության կտրուկ աճ են կանխատեսում Ադրբեջանում ընթացիկ տարում: 2015-ի հունվարից գործազրկությունն Ադրբեջանում աճում է: Այս ամենը մի քանի մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի դադարեցման, զանգվածային կրճատումների, լրացուցիչ վարձատրությունների համակարգի վերացման, շատ պետհաստատություններում աշխատավարձերի փաթեթային համակարգի հետևանք է: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի կառավարությունը պետք է կամ միջոցներ ներգրավի ոսկու և արտարժույթի ռեզերվներից, կատարելու համար սոցծրագրերով ստանձնած պարտավորությունները, կամ՝ կտրուկ կրճատի ծախսերը: Սակայն, ամեն դեպքում, տարին ծանր է լինելու, գրում է Haqqin.az-ը:

Ըստ հայտնի տնտեսագետ, Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Օքտայ Ախվերդիևի, նույնիսկ 90 դոլարի սահմանում նավթի գների դեպքում, բյուջեի պակասուրդը ակնկալվում էր 1,6 մլրդ դոլարի սահմանում, իսկ առկա գների պայմաններում Ադրբեջանի բյուջեն կարող է կորցնել մոտ 4 մլրդ դոլար: Դրա հետևանքով կաճի նաև գործազուրկների թիվը: «Ես չեմ բացառում հետագա կրճատումները, որոշ պետընկերությունների և պետական կոմիտեների ոչնչացումը: Ուստի գործազուրկների թիվը կարող է աճել»,-ասել է Ախվերդիևը՝ կարծելով, որ կառավարությունն արդեն այժմ պետք է հատուկ ծրագիր մշակի այդ ուղղությամբ:

Ըստ նրա, շատերը ստիպված կլինեն փոխել աշխատավայրը, գուցե նաև մասնագիտությունը՝ հարմարվելով աշխատաշուկային: Ամենից ծանր կլինի արտադրության ոլորտում, որտեղ տեխնոլոգիաների ու նյութական բազայի մեծ մասը ժառանգվել է խորհրդային ժամանակներից:

«Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիևն իր հերթին հիշեցնում է, որ ԱՄՀ-ն ու Ասիական բանկը դեռ 2008-ին կանխատեսել էին ճգնաժամն ադրբեջանական տնտեսության մեջ 2015-ին:

«Դա կառուցվածքային ճգնաժամ է: Չէ որ շատ մեծ է նավթի մասնաբաժինը երկրի բյուջեում: Ուստի բոլորի համար ճգնաժամը սպասելի էր, բայց կառավարությունը չգիտես ինչու չի ցանկանում դա տեսնել»,-իր կարծիքն է հայտնել հայտնի լրագրողը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԿԲ արժութային ռեզերվները 2015-ի հունվարին նվազել են 1,077 մլրդ դոլարով՝ կազմելով 12,68 մլրդ դոլար:

Կանոնակարգողը բացատրել է նման բարձր դինամիկան ազգային արժույթի՝ մանաթի կայունության ապահովմամբ: ԿԲ-ն դեկտեմբերին վաճառել է մոտ 1,13 մլրդ դոլար ազգային արժույթի պահպանման համար: Դա տեղի ունեցավ, ինչպես ասել են Ադրբեջանի ԿԲ-ում, Ռուսաստանում և մյուս հետխորհրդային երկրներում արժեզրկման ալիքից հետո:

Ադրբեջանի ԿԲ արժութային ռեզերվները նվազում են արդեն 6 ամիս շարունակ, որի պատճառը մանաթի կայուն փոխարժեքի պահպանումն է, հայտնել են ԶԼՄ-ները, հավելելով, որ մեկ ամիս առաջ ԿԲ արժութային ռեզերվները կազմել են 13,758 դոլար, ընդհանուր առմամբ 2014-ին նվազելով 2,78 տոկոսով:

«Ինչպես երևում է բերված ցուցանիշներից, ԿԲ արտարժույթի ռեզերվները գնալով պակասում են: Նախկինում թվում էր, թե ԿԲ արժույթի պաշարները բավականին մեծ են, դեռ երկար ժամանակ կբավարարեն ծանր ժամանակներում: Ընդ որում մարդկանց հետաքրքրում էր միայն մի բան՝ քանի ամիս կբավարարեն դրանք, ապահովելու համար ներկրումը նավթի գների հետագա անկման պայմաններում: Սակայն, պարզվում է, որ ԿԲ արժութային ռեզերվները կարող են և չբավականացնել դրա համար: Իսկ պատճառը շատ պարզ է՝ եթե ԿԲ-ն ամեն ամիս մեկ միլիարդ դոլար ստիպված լինի վաճառել մանաթի փոխարժեքը պահպանելու համար, ապա շուտով արտարժույթի պաշարները կսպառվեն: Իսկ եթե հաշվի առնենք, որ բանկը ստիպված է արժույթով վճարել նաև մի շարք այլ գործողությունների համար, նրա արժութային պաշարները կարող են չբավականացնել նույնիսկ մինչև տարեվերջ»,-կանխատեսում է պորտալը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---