ԱՄՆ-ն ու Գերմանիան տարաձայնություններ ունեն Ուկրաինայի հարցում

ԱՄՆ-ն ու Գերմանիան տարաձայնություններ ունեն Ուկրաինայի հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ և Գերմանիայի միջև «կարող են գոյություն ունենալ մարտավարական տարաձայնություններ որոշ ասպեկտներում»՝ Ուկրաինայի իրադարձություններին մոտեցումների առումով: Այս իրողությունն ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Անգելա Մերկելի հետ բանակցությունների ավարտին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է ntv.ru-ն:

Երկու առաջնորդները նշել են, որ անկախ տարաձայնություններից, ԱՄՆ ու Գերմանիայի միասնական մոտեցումներն ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ պահպանվում են: Օբաման և Մերկելը ցանկանում են կարգավորել հակամարտությունն Ուկրաինայում դիվանագիտական ճանապարհով, սակայն մտադիր են պահպանել ճնշումը Ռուսաստանի հանդեպ:

Ըստ ԱՄՆ նախագահի, «Ռուսաստանի մեկուսացումը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով միայն կսաստկանա»:

Վաշինգտոնի և Բեռլինի տարաձայնությունները հիմնականում վերաբերվում են Կիևին զենք մատակարարելուն: Եվրոպան դեմ է դրան: Ինչ վերաբերում է Օբամային, ապա նա այդ հարցում դեռ չի կողմնորոշվել: Եվ դա արդեն լավ նշան են համարում, այստեղ կա նաև Անգելա Մերկելի ազդեցությունը:

Գերմանիայի կանցլերն ԱՄՆ է ժամանել փետրվարի 9-ին Օբամայի հետ անձնական հանդիպման ժամանակ պնդելու համար ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը:

Մամուլի ասուլիսում Օբաման և Մերկելը հայտարարեցին, որ պայմանավորվել են պահպանել հակառուսական պատժամիջոցները, ինչպես նաև խստացնել դրանք, եթե Մոսկվան չփոխի իր քաղաքականությունը: ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է Ռուսաստանին քաղաքական և տնտեսական իրավիճակի վատթարացմամբ, եթե չկատարվեն Մինսկում ստանձած պարտավորությունները, հայտնում է /russian.rt.com-ը:

Օբաման հայտարարել է, որ Ամերիկային հզոր Ռուսաստան է պետք և Վաշինգտոնը ուղիներ չի փնտրում այդ երկիրը կործանելու համար: Միայն «ուժեղ և բարգավաճ Ռուսաստանը» կարող է գործընկեր լինել գլոբալ մարտահրավերներին հակազդելու գործում:

ԱՄՆ-ն կշարունակի ֆինանսական աջակցությունն Ուկրաինային բարեփոխումների անցկացման համար: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ Կիևին լրացուցիչ կհատկացվի ևս 1 մլրդ դոլար:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---