Ասադը հայտարարել է` պատրաստ է գործակցել ԻՊ դեմ պայքարում

Ասադը հայտարարել է` պատրաստ է գործակցել ԻՊ դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Սիրիան պատրաստ է համագործակցել այլ պետությունների հետ ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, սակայն հնարավոր չի համարում մասնակցել ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային, որը ավիահարվածներ է հասցնում գրոհայինների դիրքերին Սիրիայում և Իրաքում: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը BBC-ին հղումով:

«Մենք չենք կարող, ցանկություն չունենք մասնակցելու կոալիցիային մի պարզ պատճառով՝ մենք չենք կարող դաշնակիցներ լինել մի պետության (ԱՄՆ) հետ, որը սատարում է ահաբեկչությանը»,-հայտարարել է Ասադը՝ պատասխանելով հարցին, թե կցանկանար Սիրիան գործակցել կոալիցիայի անդամ պետությունների հետ:

2014-ի դեկտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ ԱՄՆ-ն կավելացնի աջակցությունը սիրիական չափավոր ընդդիմությանը: Ըստ ԱՄՆ 2016-ի բյուջեի նախագծի, իշխանությունները մտադիր են 8,8 մլրդ ծախսել «Իսլամական պետության» դեմ պայքարի, Իրաքի բանակին աջակցություն ցուցաբերելու և Սիրիայի չափավոր ընդդիմությանը սատարելու համար: 2013-ի սեպտեմբերին Ասադը հայտարարեց, որ իրեն դիմակայող զինյալ ընդդիմության 90 տոկոսը ահաբեկիչներ են:

Ասադն ասել է նաև, որ Սիրիայի իշխանությունները չեն գործակցում ԱՄՆ հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում, սակայն իրենց «իրազեկում են ավիահարվածների մասին»: «Ոչ, ուղղակի գործակցություն չկա: Դա տեղի է ունենում երրորդ կողմերի, Իրաքի և այլ երկրների միջոցով, երբեմն նրանք փոխանցում են ընդհանուր բնույթի հաղորդագրություններ, ոչ մարտավարական: Մենք գիտեինք ձեռնարկվելիք գործողությունների մասին մինչ դրանց մեկնարկը, բայց մանրամասներին տեղյակ չէինք»,-ասել է Ասադը:

«Երկխոսություն չկա, կա, այսպես ասած, իրազեկում»,-հավելել է Ասադը՝ անդրադառնալով ԱՄՆ հետ հարաբերություններին:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարուց ավելի: Իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»: Այս ընթացքում մոտ 200 հազար մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---