Եվրախումբը հետաձգել է Հունաստանին ֆինանսական աջակցության վերաբերյալ որոշման ընդունումը

Եվրախումբը հետաձգել է Հունաստանին ֆինանսական աջակցության վերաբերյալ որոշման ընդունումը

PanARMENIAN.Net - Եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը վերջնական համաձայնության չի եկել Հունաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելոու հարցում փետրվարի 12-ին 7-ժամյա բանակցություններից հետո: ԵՄ դիվանագետներն ու հունական կողմը հույս են հայտնել, որ որոշումը կկայացվի երկուշաբթի, գրում է Reuters-ը:

Ինչպես հայտարարել է Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը, ֆինանսական ինստիտուտները հասկացրել են, որ պատրաստ են աշխատել Հունաստանի նոր իշխանությունների հետ, սակայն «սկզբում պետք է լինի քաղաքական եզրակացությունը»: Ըստ նրա, քննարկման ժամանակ ակնհայտ էր, որ աջակցությունը Հունաստանին նախապատվելի տարբերակ է մասնակիցների մեծ մասի համար:

Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսն իր հերթին հայտարարեց, որ բանավեճն ի սկզբանե չէր ենթադրում վերջնական որոշման կայացում, այլ զուտ «կառուցողական խոսակցություն էր»:

Ըստ ԵՄ ներկայացուցչի, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարությունը Հունաստանին նյութական օգնություն ցուցաբերելու մասին, պատրաստ էր, սակայն հունական պատվիրակությունը համաձայնություն չտվեց: Նշվում է նաև, որ Հունաստանի ներկայացուցիչները խորհրդակցել են Աթենքի հետ:

Հունաստանի գծով Եվրախմբի արտահերթ նիստին մասնակցել են ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը, ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագին, տնտեսական և ֆինանսական գործերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիչին: Փետրվարի 1-ին Վարուֆակիսը հայտարարեց, որ երկիրն այլևս վարկ չի վերցնելու, իսկ ընթացիկ պարտքերի մարումը պետք է շաղկապված լինի տնտեսական աճի հետ: Ֆինանսների նախարարը նշեց նաև, որ Աթենքը մտադիր չէ գործակցել եվրոպական վարկատուների «եռյակի» (ԵՄ, ԵԿԲ և ԱՄՀ) առաքելության հետ:

Հունաստանի հարաբերությունները Եվրամիության հետ վատթարացան հունվարի 25-ից հետո, երբ խորհրդարանական ընտրություններում հաղթեց ձախ ծայրահեղական «ՍԻՐԻԶԱ» կուսակցությունը: Խորհրդարանական ընտրություններում հաղթած «ՍԻՐԻԶԱ» կուսակցության առաջնորդ և նորընտիր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ մտադիր է չեղյալ հայտարարել խիստ տնտեսման միջոցները, որոնց դիմաց Հունաստանի նախկին կառավարությունը վարկեր էր ստանում ԵՄ-ից ու միջազգային ֆինանսական կառույցներից: Ցիպրասը մտադիր է հասնել նրան, որ երկրի բազմամիլիարդանոց պարտքը չեղյալ համարվի: Ըստ նրա, ընտրությունները Հունաստանում «խթան կհանդիսանան փոփոխությունների համար ամբողջ Եվրամիության տարածքում»: Ցիպրասը հայտարարել է, որ վարկատուների «եռյակի» վերջը եկել է:

Մինչդեռ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում Հունաստանի պարտքերը չեղյալ համարելու համար:

Երբ 2010-ին սկսվեց պարտքային ճգնաժամը, Աթենքը ստիպված եղավ դիմել արտաքին ֆինանսական օգնության համար: Երկու տարի անց Հունաստանը համաձայնության եկավ վարկատուների եռյակի հետ ի դեմս ԵՄ-ի, Եվրոպական կենտրոնական բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի: Ուստի, Աթենքին բազմամիլիարդանոց վարկեր տրամադրվեցին, մարվեց մասնավոր վարկատուների առջև նրա պարտքերի կեսը, իսկ փոխարենը մի շարք պահանջներ առաջադրվեցին, ինչպիսիք են կոշտ տնտեսման միջոցները, մոտ 50 մլրդ եվրոյի պետական ակտիվների սեփականաշնորհումը մինչև 2015-ի ավարտը, կառուցվածքային բարեփոխումների իրականացումը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---