Դատաքիմիական փորձաքննություն. Պերմյակովը թմրամիջոց և հոգեմետ նյութեր չի օգտագործել

Դատաքիմիական փորձաքննություն. Պերմյակովը թմրամիջոց և հոգեմետ նյութեր չի օգտագործել

PanARMENIAN.Net - Ստացվել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի

դատաքիմիական փորձաքննությունների եզրակացությունները: Ինչպես հայտնել է ՀՀ Քննչական ծառայության մամուլի ծառանությունը, Վալերի Պերմյակովից և վերջինիս հետ պահակային ծառայության մեջ ընդգրկված, ՌԴ 102-րդ ռազմաբազայի ևս 12 ժամկետային զինծառայողից վերցված փորձանմուշներում թմրամիջոցի, հոգեմետ նյութերի հետքեր կամ ալկոհոլ չեն հայտնաբերվել:

Կոմիտեն բավարարվել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի՝ 2015թ. փետրվարի 10-ի միջնորդությունը: Բջջային օպերատորներից ստացվել են Վալերի Պերմյակովի կողմից մինչև դեպքն օգտագործված հնարավոր բջջային հեռախոսահամարի, Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված և Վալերի Պերմյակովի կողմից դեպքի վայրից իր հետ վերցրած բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները, դրանք սպասարկած ալեհավաքների վերաբերյալ տեղեկությունները` դեպքից առնվազն մեկուկես ամիս նախորդած ժամանակահատվածից մինչև Վալերի Պերմյակովի հայտնաբերումը:

Նշված հեռախոսահամարների վերծանումներն ուսումնասիրվում են, հարցաքննվել և հարցաքննվում են ելքային և մուտքային հեռախոսազանգերի բաժանորդները:

Ավետիսյանների տանից վերցված բջջային հեռախոսներում գործի համար նշանակություն ունեցող տեղեկատվություն, այդ թվում SMS հաղորդագրություններ պարունակելու վերաբերյալ տվյալներ ստանալու, ինչպես նաև ջնջված տեղեկատվություն վերականգնելու և մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով քրեական գործով նշանակվել է համակարգչատեխնիկական փորձաքննություն:

Դեռևս չի հաստատվում նաև խլացուցիչի օգտագործման վարկածը, սակայն կասկած չթողնելու նպատակով բավարարվել է փաստաբանի միջնորդությունը և փորձագետի պարզաբանմանն է առաջադրվել հետևյալ լրացուցիչ հարցադրումը, թե դեպքի վայրից առգրավված և փորձաքննությանը ներկայացված AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու հնարավորություն առկա՞ է, թե՝ ոչ, այդ ինքնաձիգի վրա կա՞ն արդյոք հետքեր, որոնք վկայում են դրա վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Արձագանքելով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում հայտնված որոշ հրապարակումներին՝ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն, դրա շրջանակներում քննչական և դատավարական գործողությունները կատարվում են ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիման վրա:

Համատեղ հետաքննության շրջանակում նշանակվել և անցկացվում են մի շարք դատաքրեագիտական փորձաքննություններ: Առաջիկայում հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն կիրականացվի, ինչը նախատեսված է օրենքով նման հանցանքների դեպքում, ասել են Քննչական կոմիտեում: Պերմյակովից նմուշներ են վերցվել՝ հանցագործության վայրում ավելի վաղ հայտնաբերված հետքերի հետ համեմատական կենսաբանական, գենետիկական և քրեագիտական փորձաքննություններ անցկացնելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---