Սան Պաուլոյում հայկական ֆիլմերի փառատոն է կայանալու

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ից 24-ը Հայաստանի անկախության 15-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Բրազիլիայի խոշորագույն մշակութային համալիրում` «Սան Պաուլո մշակութային կենտրոնում» տեղի կունենա հայկական ֆիլմերի շաբաթ` «Արարատ. Հայաստանի եւ Սփյուռքի կինովարպետներ» խորագրով: Բրազիլացի հանդիսատեսին կներկայացվեն Սերգեյ Փարաջանովի, Հարություն Խաչատրյանի, Վիգեն Չալդրանյանի, Ալբերտ Մկրտչյանի եւ Ռուբեն Քոչարի ստեղծագործությունները, ինչպես նաեւ Ատոմ Եգոյանի, Անրի Վերնեոյի եւ Ռոբերտ Քեշիշյանի ժապավենները` թվով 11 կինոնկար: Բրազիլացիների առաջարկով կցուցադրվի նաեւ «Իմ Սարդարապատ» երաժշտական ֆիլմը:



Միջոցառումը կազմակերպվում է Բրազիլիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Սան Պաուլոյի մշակույթի քարտուղարության համատեղ ջանքերով: Նույն օրերին վերոհիշյալ մշակութային կենտրոնում կբացվի նաեւ բրազիլահայ երիտասարդ լուսանկարիչ Նորայր Շահինյանի «Հայաստան, նախնիներիս երկիրը» անվանումը կրող ֆոտոցուցահանդեսը, ուր կցուցադրվեն երեք տասնյակ մեծադիր գործեր այն 10 հազար լուսանկարներից, որոնք նա կատարել է Հայաստանում 2004 թվականին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---