ԱՄՆ-ն հետաձգել է ուկրաինացի զինվորականների վարժանքի ծրագիրը

ԱՄՆ-ն հետաձգել է ուկրաինացի զինվորականների վարժանքի ծրագիրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հետաձգել է ուկրաինացի զինծառայողների վարժեցման համար ռազմական մասնագետների գործուղումն Ուկրաինա, քանի որ «սպասում է, որ Մինսկի պայմանավորվածությունները կկատարվեն»: Այդ մասին գրում է The New York Times-ը Եվրոպայում ԱՄՆ ԶՈւ ներկայացուցչի վրա հղումով, որի անունը չի նշվում:

Զրուցակիցը, սակայն, նշել է, որ ամերիկացի զինծառայողները, որոնք Եվրոպայում են գտնվում, պատարստ են ձեռնամուխ լինել Ուկրաինայի Ազգային գվարդիայի ուժերի ուսուցմանը, երբ երկրի ղեկավարությունը նման որոշում կընդունի, հայտնում է «Դոժդը»:

Ուկրաինա ռազմական մասնագետների գործուղումը հետաձգելու մասին ավելի վաղ հայտնել էր նաև Reuters-ը ԱՄՆ ԶՈւ իրազեկված աղբյուրի վրա հղումով: Ըստ զրուցակցի, պատճառն այն է, որ «ԱՄՆ կառավարությունը կգերադասեր տեսնել, որ Մինսկի պայմանավորվածությունները կյանքի են կոչվում»:

Ուսուցողական առաքելությունը, որի մասին Պենտագոնը հայտարարեց նախորդ տարվա օգոստոսին, պետք է սկսվեր մարտին: Նախատեսվում էր, որ ամերիկացի զինվորների գումարտակն այնտեղ կվարժեցնի «պաշտպանվել ռուսների ու աշխարհազորայինների հրետանուց» Ուկրաինայի Ազգային գվարդիայի երեք գումարտակների զինվորներին:

ԱՄՆ իշխանությունները դեռևս որոշում չեն կայացրել Կիև մահաբեր զենքի առաքման վերաբերյալ: Ավելի վաղ Սպտակ տունը հայտարարեց, որ նախագահ Բարաք Օբաման մտավախություն ունի, որ դա կխորացնի հակամարտությունը և կհանգեցնի ավելի մեծաթիվ զոհերի:

Փետրվարին մի խումբ կոնգրեսականներ օրինագիծ ներկայացրեցին Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին, որով նախատեսվում է մինչև 2017 թ. 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն, զենք ու տեխնիկա տրամադրել: Խոսքը ուսումնական սպառազինության, պաշտպանական մահաբեր զենքի, լոգիստիկ աջակցության, ապահովման միջոցների, ինչպես նաև հակատանկային համակարգերի ու ռադարների մասին է:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդական, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հայտարարել էր, որ Կիևին պաշտպանական զենք մատակարարելու ԱՄՆ որոշումը 99 տոկոսով պատրաստ է: Ըստ նրա, եթե Ուկրաինան պաշտպանական զենք ստանա, դա «հզոր ազդակ կլինի հազարավոր ու հազարավոր մարդկային կյանքեր փրկելու համար»:

«Պետք է կասեցնել ռուսական ագրեսիան, մենք բոլորս գիտենք, որ Պուտինը կփորձի հիմա ոչ միայն Մարիուպոլը գրավել, այլ նաև ամբողջ հարավային մասը, հետո կփորձի տապալել Կիևի կառավարությունը: Ուկրաինական պետությունը պետք է պաշտպանվի ու պաշտպանի իր անվտանգությունը»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ առաջիկա օրերին նախագահ Օբաման որոշում կկայացնի Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի շրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---