Փորձագետ. ԵՏՄ-ն երկար ճանապարհ ունի առջևում, բայց միջազգային կառույցներն արդեն կարևորում են այն

Փորձագետ. ԵՏՄ-ն երկար ճանապարհ ունի առջևում, բայց միջազգային կառույցներն արդեն կարևորում են այն

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) միասնական տնտեսական տարածքի ձևավորման դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, գտնում են փորձագետները:

Ինտեգրման մեծ ծրագրերն այժմ հարվածի տակ են հայտնվել ֆինանսական ճգնաժամի պատճառով, որը սկզբում Ռուսաստան եկավ, հետո տարածվեց նաև նրա մերձակա հարևանների վրա, գրում է «Նովիե Իզվեստիան»:

ՌԴ Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Նիկոլայ Տրոշինը կարևորել է միասնական տնտեսական տարածքի ստեղծումը, թեև չի մոռացել հիշեցնել նաև այն խնդիրները, որոնց բախվեցին անդամ երկրները: Առաջին հերթին դա միավորման մաս կազմող «տարբեր քաշային կարգ» ունեցող տնտեսությունների հավասարակշռման բարդությունն է: Անխուսափելիորեն Ռուսաստանը, որպես խոշորագույն տնտեսություն, ամենամեծ ազդեցությունն ունի իր գործընկերների վրա: Այդ մասին խոսեց նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն փետրվարին ԵՏՄ շրջանակում գործարարների համար շուկաների ընդլայնման հարցերին նվիրված ասուլիսի ժամանակ:

Ռուսաստանի համար, ինչպես նշել է Տրոշինը, ԵՏՄ շրջանակում ամենակարևորը կապիտալի շուկաներն ու աշխատանքային ռեսուրսները մեկ հայտարարի բերելն է: Արդեն այժմ երկրում քայլեր են ձեռնարկվում, ուղղված միգրացիոն քաղաքականության խստացմանը, ինչը ոչ բոլոր փորձագետներն են խելամիտ համարում, քանի որ սա աշխատաշուկայում թափուր ուղղությունների ձևավորման ռիսկ է ստեղծում: Պատճառն այն է, որ ՌԴ քաղաքացիները ցածր աշխատավարձի և հեղինակությունից զուրկ լինելու պատճառով չեն ցանկանում զբաղեցնել այդ աշխատատեղերը:

ԵՏՄ շրջանակում խորը ինտեգրումը բարձրացնում է նաև ռուսական տնտեսական ճգնաժամի ազդեցության ռիսկը մյուս անդամ երկրների համար: Սակայն Նիկոլայ Տրոշինը հուսով է, որ այդ ռիսկերը կհավասարակշռվեն միության շրջանակում արտոնյալ պայմաններում բիզնեսը վարելու համար նոր բարենպաստ հնարավորություններով: Ամեն դեպքում ԵՏՄ կարևորությունն արդեն ճանաչում են այլ միջազգային կազմակերպություններ: Օրինակ, ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Քրիստիան Ֆրիսը կարևորել է Ուկրաինայի տնտեսության համար հավասար շփումներն ինչպես Եվրամիության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ:

Օրերս Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին 2014-ի դեկտեմբերի 23-ի պայմանագրի արձանագրությունները ստորագրելու մասին: Արձանագրությունները սահմանում են Ղրղզստանի անդամակցության կոնկրետ պայմանները, այդ թվում առևտրային ծառայությունները, ներառյալ ֆինանսական, բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորումը, տրանսպորտային քաղաքականությունը, արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման կանոնները:

Բացի այդ պայմանավորվածությունները ներառում են «բացառումներն» ընդհանուր կանոններից մաքսային և սակագնային կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային ֆիտոսանիտարական միջոցների կիրառումը, ինչպես նաև անցումային շրջանների ժամկետները տեխնիկական կանոնակարգման, մրցակցության, բնական մենաշնորհների, էներգետիկայի, պետգնումների ոլորտներում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---