Նավթի պաշարներն աճում են, իսկ գինը շարունակում է նվազել

Նավթի պաշարներն աճում են, իսկ գինը շարունակում է նվազել

PanARMENIAN.Net - Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների արդյունքում նվազել է 0,76 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի համար 55,96 դոլարի:

«Ցուցանիշների վատթարացման պատճառները մի քանիսն են, այդ թվում դոլարի ամրացումը, նավթի պաշարների ակնկալվող աճը, շաբաթական մինչև 20 մլն բարելի հասնող արտահանման վերսկսումը Լիբիայում»,-ասել է վերլուծաբան Մարկ Բրեդֆորդը:

Մեկ շաբաթում՝ փետրվարի 23-27-ը ԱՄՆ-ում նավթի կոմերցիոն պաշարներն աճեցին 10,3 մլն բարելով՝ հասնելով 444,4 մլն բարելի: Սա առավելագույն ցուցանիշն է վերջին 80 տարում: Վերլուծաբանները ակնկալում էին, որ պաշարները կավելանան միայն 4,157 մլն բարելով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մարտի 2-6 ԱՄՆ նավթի պաշարների վերաբերյալ տվյալները կհրապարակվեն մարտի 11-ի երեկոյան: Մինչդեռ ՕՊԵԿ ղեկավար Աբդալլա ալ Բադրին կարծում է, որ արդյունահանման քվոտաները պահպանելու ՕՊԵԿ նոյեմբերյան որոշումը բացասաբար է ազդում ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման վրա, իսկ հումքի պակասը շուկայում կարող է հանգեցնել գների աճի:

«Նախագծերը չեղյալ համարվեցին, ներդրումները վերանայվում են, ծախսերը նվազում են…Եթե առաքումների ծավալները ցածր լինեն, կառաջանա հումքի պակաս, իսկ գները նորից կաճեն»,-ասել է Էլ Բադրին, որի խոսքն է մեջբերել ՌԻԱ Նովոստին The Wall Street Journal-ի վրա հղումով:

ՕՊԵԿ անդամ երկրները մտադիր են պահպանել արդյունահանման ծավալները, չնայած նավթի նվազող գնին: «Մեր բախտը բերել է, որ նավթի գինը չնվազեց մինչև 20 դոլար մեկ բարելի դիմաց»,-ասել է Քուվեյթի նավթի արդյունաբերության նախարար Ալի Սալեհ ալ Օմայրը:

2014-ի նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---