ԻՊ գրոհայինները Մոսուլում քրիստոնեական եկեղեցի են պայթեցրել

ԻՊ գրոհայինները Մոսուլում քրիստոնեական եկեղեցի են պայթեցրել

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են Սուրբ Գևորգ քրիստոնեական եկեղեցին իրաքյան Մոսուլում, հայտնել է ՏԱՍՍ-ը Sky News Arabia ալիքի վրա հղումով:

Քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին համարվում է ամենամեծն ու ամենից շատ հետևորդներ ունեցող եկեղեցիներից մեկը:

Ըստ ստացված տեղեկությունների՝ եկեղեցին պայթեցվել է մարտի 9-ին: Ծայրահեղականներն ավերել են նաև հարևանությամբ գտնվող մի քանի բնակելի շինություն, ինչպես նաև բարեգործական օգնության բաշխման համար նախատեսված տարածքը:

Եկեղեցու հարևանությամբ է գտնվում նաև քրիստոնեական գերեզմանոցը: Պայթյունից հետո գերեզմանատան վիճակի մասին որևէ տեղեկություն չի ստացվել:

Մոսուլը ԻՊ ահաբեկիչների հսկողության տակ է գտնվում 2014-ի հունիսից: Այդ ընթացքում ոչնչացվել են մի շարք պատմական հուշարձաններ ու կոթողներ:

Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ «Իսլամական պետւթյան» գրոհայինները պայթեցրել են Մոսուլի կենտրոնական գրադարանը՝ 10 հազար գիրք ոչնչացնելով: Գրադարանի բակում իսլամիստները խարույկ են վառել գրքերից ու ձեռագրերից, որոնք Իրաքի մշակութային ժառանգությունն էին: Ոչնչացված գրքերի թվում են նաև մշակույթի, փիլիսոփայության ու պատմության եզակի նմուշներ: ԻՊ գրոհայինները արդարացրել են իրենց գործողությունները նրանով, որ գրքերն ու ձեռագրերը իբր այլախոհություն էին սերմանում:

Մարտի սկզբին «Իսլամական պետության» ահաբեկիչները հողին են հավասարեցրել ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեցող ասորական Նեմրութ քաղաքի ավերակներն Իրաքի տարածքում, հայտնում է Իրաքի զբոսաշրջության և պատմական հուշարձանների նախարարությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայիններն Իրաքի հյուսիսում ոչնչացրել են հազարամյակների վաղեմության արձանների և քանդակների հավաքածուն: Ավերածության ենթարկված հուշարձանների քանակը չի նշվում:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---