Իսլամիստները սպառնում են. «Մենք Փարիզն ենք ուզում, իսկ հետո՝ Հռոմը»

Իսլամիստները սպառնում են. «Մենք Փարիզն ենք ուզում, իսկ հետո՝ Հռոմը»

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչները նոր գրոհներով են սպառնում Փարիզին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը զբաղվում է իսլամիստական ռեսուրսների դիտարկումով:

«Մենք Փարիզն ենք ուզում, իսկ հետո՝ Հռոմը»,-բերում է կազմակերպությունը ԻՊ մամուլի քարտուղար Աբու Մուհամմեդ ալ Ադնանի խոսքերը:

Գրոհայինների ներկայացուցիչները խոստացել են նաև, որ շուտով ահաբեկչական խմբավորման գրոհայինները փորձելու են Սաուդյան Արաբիայից հետ բերել Մեքքան ու Մեդինան, իսկ հետո կանցնեն Իրանին, հայտնում է Գազետա.ռու-ն: Օրերս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրին Սուրբ Գևորգ քրիստոնեական եկեղեցին իրաքյան Մոսուլում:

Քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին համարվում է ամենամեծն ու ամենից շատ հետևորդներ ունեցող եկեղեցիներից մեկը:

Ըստ ստացված տեղեկությունների՝ եկեղեցին պայթեցվել է մարտի 9-ին: Ծայրահեղականներն ավերել են նաև հարևանությամբ գտնվող մի քանի բնակելի շինություն, ինչպես նաև բարեգործական օգնության բաշխման համար նախատեսված տարածքը:

Եկեղեցու հարևանությամբ է գտնվում նաև քրիստոնեական գերեզմանոցը: Պայթյունից հետո գերեզմանատան վիճակի մասին որևէ տեղեկություն չի ստացվել: Մոսուլը ԻՊ ահաբեկիչների հսկողության տակ է գտնվում 2014-ի հունիսից: Այդ ընթացքում ոչնչացվել են մի շարք պատմական հուշարձաններ ու կոթողներ:

Մինչդեռ Իրաքի կառավարական ուժերը 10-օրյա մարտերից հետո ազատագրեցին ԻՊ գրոհայիններից Սալահ էդ Դին գավառի վարչական կենտրոն Տիկրիտ քաղաքը:

Տիկրիտը կարևոր ռազմավարական կետ է կենտրոնական Իրաքում, որն ազատագրելով Իրաքի կառավարական զորքերը կկարողանան զարգացնել հարձակողական գործողությունները դեպի հյուսիս:

Մարտի 12-ի կատաղի մարտերի արդյունքում ԻՊ գրոհայինները դուրս են մղվել նաև Բայջի քաղաքից, որտեղ գտնվում են երկրի խոշորագույն նավթամշակող ձեռնարկությունները:

Իրաքի պաշտպանության նախարար Հալեդ ալ Օբեյդին հայտարարում է, որ Տիկրիտն ու արվարձանները կանցնեն կառավարության հսկողության տակ առաջիկա օրերին, որից հետո Իրաքի բանակը կգրոհի հյուսիսային ուղղությամբ՝ ազատագրելու համար ահաբեկիչներից Իրաքի երկրորդ՝ Մոսուլ քաղաքը, հայտնում է 9tv.co.il-ը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---