UWC Դիլիջան քոլեջի շենքը միջազգային մրցանակ է ստացել

UWC Դիլիջան քոլեջի շենքը միջազգային մրցանակ է ստացել

PanARMENIAN.Net - UWC Դիլիջան քոլեջի շենքն արժանացել է IGRA կազմակերպության «Կանաչ տանիք առաջնորդության միջազգային մրցանակ»-ի (Green Roof Leadership Awards)՝ Trendsetting Architecture («Ուղղություն ստեղծող ճարտարապետություն») անվանակարգում: Այս մասին հայտնում են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժնից։

Մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի կունանա ապրիլի 20 -ին՝ կազմակերպության 4-րդ կոնգրեսի (4th International Green Roof Congress) ընթացքում, որը կայանալու է Ստամբուլում:

Ժյուրիի կարծիքով՝ UWC Դիլիջան քոլեջը լավագույն կերպով ի ցույց է դնում տանիքների և պատերի կանաչապատման հնարավորությունների բազմազանությունը՝ հաշվի առնելով նաև բնապահպանական և էկոլոգիապես պատասխանատու կրթության խնդիրները:

IGRA Green Roof Leadership Awards-ի նպատակը կազմակերպությունների և ճարտարապետների ուշադրությունը քաղաքային տարածքների կանաչապատման նորարարական գաղափարների ու լուծումների վրա հրավիրելն է: Մրցանակակիրների թվում են միջազգային հայտնի այնպիսի կազմակերպություններ և անհատ ճարտարապետներ, ինչպիսիք են, օրինակ, Սինգապուրում Fusionopolis գիտահետազոտական կենտրոնի նախագծող JTC Corporation ընկերությունը, Վանքուվերում Վան Դուսենի բուսաբանական այգու Այցելուների կենտրոնի նախագծի հեղինակները, Չիչեսթրում Rolls-Royce ավտոարտադրող ընկերության գործարանի նախագծողները:

UWC Դիլիջան քոլեջի շենքը Հայաստանում առաջինն էր, որ արժանացել է նաև միջազգային հեղինակավոր BREEAM (Building Research Establishment Environmental Assessment Methodology) վարկանիշային համակարգի հավաստագրի:

UWC Դիլիջան քոլեջը բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների՝ մասնավոր անձանց և կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն իրականացրել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը:

UWC Դիլիջան քոլեջը «Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցի (United World Colleges -UWC) լիիրավ անդամ է և ունի IB Diploma ծրագրով դասավանդելու Միջազգային բակալավրիատի կազմակերպության հավատարմագիր:

Քոլեջի կառուցումն իրականացրել են հետևյալ ընկերությունները. «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ (Հայաստան)՝ նախագծի պատվիրատու, Tim Flynn Architects նախագծի գլխավոր ճարտարապետ, «RD քոնսթրաքշըն մենեջմենթ» (Ռուսաստան)՝ գլխավոր կապալառու և գլխավոր նախագծող: 2014-ի ամռանն ավարտվել է նախագծի իրականացման առաջին փուլի շինարարությունը (մոտ 37,500 քմ ընդհանուր շենքային և 43.000 քմ բարեկարգված տարածքով):

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---