Ռուսաստանը շահագրգռված է, որ ԵՏՄ-ն ու լատինամերիկյան միավորումներն ինտեգրվեն

Ռուսաստանը շահագրգռված է, որ ԵՏՄ-ն ու լատինամերիկյան միավորումներն ինտեգրվեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանը շահագրգռված է, որ Եվրասիական տնտեսական միությունն (ԵՏՄ-ն) ու լատինամերիկյան միավորումներն ինտեգրվեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք ողջունում ենք Կոլումբիայի ակտիվ դերը տարածաշրջանում ինտեգրման գործընթացներին մեծապես աջակցելու գործում, որոնց թվում են Խաղաղօվկիանոսյան դաշինքը, ՄԵՐԿՈՍՈւՐ-ն ու այլ միավորումներ: ՌԴ-ն շահագրգռված է խորացնելու կապերն այդ կառույցների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՏՄ գծով»,-ասել է Լավրովը լրագրողներին կոլումբացի պաշտոնակից Մարիա Անխելա Օլգինի հետ հանդիպումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ բրազիլացի տնտեսագետ Արիել Նոյոլա Ռոդրիգեսը կարծիք հայտնեց, որ ԵՏՄ և ՄԵՐԿՈՍՈւՐ-ի (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա) գործակցությունը կարող է վերջ դնել դոլարի գերիշխանությանը:

«ԵՏՄ և ՄԵՐԿՈՍՈւՐ-ի ռազմավարական հարաբերությունները հիանալի հնարավորություն են տալիս ցույց տալ աշխարհին հաջող լուծման օրինակ սրվող տնտեսական ճգնաժամի պայմաններում, այդպիսով իսկ իր վճռական դերակատարությունն ունենալով դոլարի գերիշխանության թուլացման գործում»,-հայտարարել է Ռոդրիգեսը: Նա վստահություն է հայտնել, որ լճացման տևական շրջանը համաշխարհային տնտեսության մեջ և միջպետական մրցակցության սրացումը հումքի հիմնական տեսակների առաքումների ապահովման ոլորտում նպաստում են ռազմավարական դաշինքների ստեղծմանը:

ՌԴ և ԵՄ միջև ապրանքաշրջանառության անկման պատճառով Լատինական Ամերիկան, ըստ փորձագետի, ինչ-որ չափով փոխարինող շուկա կարող է դառնալ, իր հերթին գրավելով բարձր տեխնոլոգիական ներդրումներ: «Այդ տեսակետից ՌԴ ռազմավարական հարաբերությունները մի շարք լատինամերիկյան երկրների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Կուբայի, Էկվադորի, Նիկարագուայի, Վենեսուելայի հետ, ընդլայնման միտում ունեն Հարավային Ամերիկայում, օգտագործելով ԵՏՄ ներուժը, որին անդամակցում են ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանը»,-կարծում է Ռոդրիգեսը:

Նա նշել է, որ ԵՏՄ-ն դուրս է գալիս իր մայրցամաքի սահմաններից՝ ազատ առևտրի գոտիներ ստեղծելով Չինաստանի հետ Ասիայում, Եգիպտոսի հետ Հյուսիսային Աֆրիկայում և ՄԵՐԿՈՍՈւՐ-ի հետ Հարավային Ամերիկայում, որին անդամակցում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայն ու Վենեսուելան:

«Ռազմավարական հարաբերությունները երկու հիմնական նպատակ ունեն: Առաջինը՝ կրճատել ԱՄՆ ու ԵՄ ներկայությունը առևտրային և արտատարածաշրջանային ներդրումային հոսքերում: Երկրորդը՝ արագացնել ընդհանուր ապադոլարականացումը, որպես վճարման միջոց օգտագործելով ազգային արժույթը»,-ասել է տնտեսագետը: «ԵՏՄ-ն ու ՄԵՐԿՈՍՈւՐ-ը պետք է ջանքերն ուղղեն ֆինանսական գործակցության ամրապնդմանն ու զուգահեռ ընդհանուր ճակատ ձևավորեն պաշտպանելու համար ազգային ինքնիշխանությունն ու միջազգային իրավունքի սկզբունքները»,-եզրափակել է Ռոդրիգեսը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---