FPJ. Ի տարբերություն Իլհամ Ալիևի, Հեյդար Ալիևի օրոք իրավիճակն Ադրբեջանում հուսադրող էր

FPJ. Ի տարբերություն Իլհամ Ալիևի, Հեյդար Ալիևի օրոք իրավիճակն Ադրբեջանում հուսադրող էր

PanARMENIAN.Net - Ամերիկյան առաջատար Foreign Policy Journal պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի ներպետական վերջին իրադարձությունների ֆոնին միջազգային ասպարեզում այդ երկրի հեղինակության լուրջ կորուստներին` եզրակացնելով, որ ադրբեջանական իշխանությունների կողմից անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումները արևմտյան լայն լսարանին ի ցույց դրեցին Ադրբեջանի ավտորիտար բնույթը:

Պարբերականի դիտարկմամբ` Ադրբեջանը վերածվել է իր հարևան երկրների, Ռուսաստանի, Իրանի, Մերձավոր Արևելքի երկրների համար «հյուրընկալող օջախի», քանի որ բոլոր այդ երկրներում էլ մերժվում են քաղաքացիների հիմնարար իրավունքները, գրում է Panorama.am-ը:

Ըստ պարբերականի` մինչև վերջերս թվում էր, թե Ալիևի ռեժիմը մտահոգված է իր երկրի միջազգային վարկով, ավելին, այդ նպատակով հսկայական քարոզչական ու լոբբիստական ջանքեր էին գործադրում, խոշոր գումարներ ծախսում:

«Սակայն արևմտյան և տեղական կազմակերպություններին ճնշելու և մամուլին սահմանափակելու Ադրբեջանի կառավարության վերջին քայլերը բացասաբար են ազդել երկրի միջազգային վարկանիշի վրա և, ըստ որոշ վերլուծաբանների, նաև Ադրբեջանի բիզնես կլիմայի ընկալումների վրա»,- գրում է պարբերականը:

Անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյաների այն դժգոհություններին, որ իրենք ցանկանում են Արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունենալ, բայց Արևմուտքում իրենց քննադատում են «պակաս կարևոր նշանակություն ունեցող մարդու իրավունքների» հարցերի հետ կապված` պարբերականը հիշեցնում է, որ ի տարբերություն ադրբեջանցի պաշտոնյաների՝ Արևմուտքում շատերը մարդու իրավունքների, խոսքի և մամուլի ազատության երաշխավորումը տեսնում են որպես ժողովրդավարության համար հիմնական գործոն, իսկ դրանց բացակայությունը` որպես կոռուպցիայի և ավտորիտարիզմի հաստատում:

Այս համատեքստում պարբերականը նկատում է, որ Հեյդար Ալիևի ժամանակ իրավիճակը Ադրբեջանում մի փոքր ավելի հուսադրող էր, քանի որ Հեյդար Ալիևը գոնե մամուլը համարում էր «հասարակության հայելին»: Սակայն, ըստ պարբերականի, ամեն ինչ փոխվեց, երբ իշխանության եկավ Իլհամ Ալիևը և անմիջապես «հասարակությունից խլեց այդ հայելին»:

«Նրանց մամուլը ոչ այլ ինչ է, քան ժամանց՝ վառ շոուների, լուրերի և կինոնկարների օրական չափաբաժնով։ Պետական մամուլն իր կողմնակիցների մոբիլիզացման համար կիրառելու փոխարեն, ինչպես հայրն էր անում, Իլհամ Ալիևը տեսնում է այն որպես ժողովրդին հանգստացնելու ու շեղելու միջոց»,- գրում է պարբերականը:

Պարբերականը անդրադառնում է անկախ լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության անդամների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվող բռնաճնշումներին և ձերբակալություններին` նկատելով, որ այդ ամենը սկսվեց 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո:

«Անկախ լրագրողների, ակտիվիստերի նկատմամբ ճնշումները ոսկե հնարավորություն տվեց՝ ընդհատելու ադրբեջանական կառավարության առաջընթացի մասին պատմությունը։ Այն ի ցույց դրեց կառավարության ավտորիտար բնույթը արևմտյան ավելի լայն լսարանին` միաժամանակ էլ ավելի ավտորիտար դարձնելով այն»,- գրում է պարբերականը:

2014-ի դեկտեմբերի 5-ին կալանավորվել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան: Նա տասնյակ աղմկահարուց հոդվածներ ու նյութեր է հրապարակել տեղական ու արևմտյան մամուլում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների բիզնեսների մասին, ինչի համար տարիներ շարունակ հետապնդվել է: Երկու տարի առաջ նրան վարկաբակող տեսանյութ էր տարածվել համացանցում, այս տարի էլ իշխանությունները արգելել են մեկնել Պրահա՝ մասնակցելու միջազգային համաժողովի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---