Բելառուսը ևս պատրաստ է նպաստել ԵՏՄ-ԵՄ մերձեցմանը

Բելառուսը ևս պատրաստ է նպաստել ԵՏՄ-ԵՄ մերձեցմանը

PanARMENIAN.Net - Բելառուսը ևս պատրաստ է նպաստել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության մերձեցմանը, հայտարարել է Բելառուսի ԱԳ առաջին փոխնախարար Ալեքսանդր Միխնևիչը:

«Մենք գիտակցաբար և պատասխանատու կերպով ենք դիտարկում մերձեցման հեռանկարները վերջերս ստեղծված ԵՏՄ և Եվրամիության միջև և պատրաստ ենք մեծապես նպաստել այդ գործընթացին»,-ասել է Միխնևիչը մարտի 27-ին Մինսկում «Մինսկյան երկխոսություն» միջազգային խորհրդաժողովում:

Ըստ նրա, համընդհանուր խնդիր է խուսափել այդ ինտեգրումների բախումներից ու նոր բաժանարար գծերի առաջացումից՝ դրան հակադրելով կառուցողական փոխգործակցության ներուժը:

«Բելառուսը միշտ ձգտել է փոխշահավետ գործակցություն հաստատել և Արևելքի, և Արևմուտքի հետ, ոչ թե ընտրություն կատարել այդ երկու կենտրոնների միջև»,-ասել է նա:

Ըստ նրա, նման դիրքորոշումը »հավելյալ արժեք է» ինչպես ՌԴ, այնպես էլ ԵՄ համար: Նա հավելել է, որ դաշնակցային հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ, Բելառուսը ոչ մի դեպքում չի անում դա Արևմուտքի հետ տնտեսական գործընկերային կապերի հաշվին, հակառակը՝ կարծում է, որ «առևտրատնտեսական կապերի զարգացումը ԵՄ հետ ամենևին չի հակասում ՌԴ գործընկերների հետ սերտ գործակցությանը», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ այդ քաղաքականությունը լրացվում է ավելի մեծ շփումներով Ամերիկայի, Աֆրիկայի ու Ասիայի երկրների հետ: Միխնևիչը նշել է, որ դա չի արվում ավանդական գործընկերների հետ կապերի հաշվին: Նա հավելել է, որ Բելառուսի համար նպատակահարմար է մասնակցել տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանն ավելի կայուն դարձնելու համար ազգային տնտեսությունը:

Ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարեց, որ հանրապետության անդամակցումը ԵՏՄ-ին չի խանգարի նրա գործակցությանը Եվրամիության հետ, այլ թույլ կտա մերձեցնել ԵՏՄ և ԵՄ հարաբերությունները: «Կարծում եմ, որ անդամակցումը ԵՏՄ-ին թույլ կտա մերձեցնել ԵՏՄ և ԵՄ հարաբերությունները, այս տարի մենք հիմնական խնդիրներից մեկն ենք համարում անդամակցումը ԵՏՄ-ին»,-հայտարարել է Ատամբաևը Վիեննայում Ավստրիայի դաշնային կանցլեր Հայնց Ֆիշերի հետ բանակցությունների ավարտին:

Նա հավելեց, որ «ԵՏՄ-ին անդամակցող երկրները գիտեն, որ տնտեսության մեջ մենք ընդհանուր ռազմավարական շահեր ունենք, սակայն յուրաքանչյուր երկիր իր քաղաքական ուղին ունի»: «Մենք ընտրել ենք խորհրդարանական ժողովրդավարության ճանապարհը ու չենք շեղվի դրանից»,-ասել է նա:

Նա նշել է, որ Ֆիշերի, ինչպես նաև ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցություններում, «հաճախ են հիշել Գերմանիայի կանցլերի խոսքերն այն մասին, որ Եվրոպան պետք է Բրյուսելից մինչև Վլադիվոստոկ տարածվի»: «Իսկ ՌԴ նախագահն ասաց, որ Եվրոպան պետք է Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ տարածՙվի, ես իմ հերթին կարող եմ հավելել, որ Եվրոպան պետք է գոնե մինչև Բիշքեկ հասնի, քանի որ մենք շփման բազում եզրեր ունենք»,-ասել է Ատամբաևը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---