Զեկույց. Ադրբեջանի՝ պատերազմին պատրաստ լինելու մասին հայտարարությունները քարոզչական թեզից ավելին չեն

Զեկույց. Ադրբեջանի՝  պատերազմին պատրաստ լինելու մասին հայտարարությունները քարոզչական թեզից ավելին չեն

PanARMENIAN.Net - Ռազմական հետազոտությունների «Խազար» ինստիտուտը զեկույց է հրապարակել 2015-ի առաջին երեք ամիսներին Ադրբեջանի ԶՈւ կորուստների և ադրբեջանական բանակում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Ներկայացված տվյալներով` Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերում կորուստներն աճել են` կազմելով 19 զոհ: Բացի այդ, զեկույցում պնդում են, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը ստիպում է երկրի ԶԼՄ-ների մի մասին իրենց կայքերից հեռացնել չհաստատված կորուստների մասին տեղեկությունները:

Ադրբեջանական ԶԼՄ-ների, ՀԿ-ների ու երկրի ուժային կառույցների հրապարակումների սեփական մշտադիտարկումներով վրա` 2015-ի հունվար-մարտ ամիսներին, ըստ ինստիտուտի, Ադրբեջանի ռազմական ոլորտում արձանագրվել է 19 կորուստ, որից 12-ը` մարտական (11 զինծառայողներ սպանվել են առաջնագծում, մեկը` ականի պայթյունից, ընդ որում` վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է տարվա սկզբից ընդամենը 8 մարտական կորուստի մասին): 19 զոհից 7-ը համապատասխանաբար ոչ մարտական են, որոնց թվում 1-ը` դժբախտ պատահարի, 4-ը` ոչ կանոնադրական հարաբերությունների, 1-ը` զենքի հետ անզգույշ վարմունքի, 1-ը` հիվանդության հետևանքով: Նրանք բոլորն էլ ՊՆ զինծառայողներ էին:

Ինչ վերաբերում է վիրավորվածների թվին, ապա այն կազմում է, ըստ զեկույցի, 5, ընդ որում` նրանցից 3-ը տուժել են առաջնագծում, 1-ը` ականի պայթյունից, 1-ը` ոչ կանոնադրական հարաբերություններից: Նրանք ևս ՊՆ զինծառայողներ են, ադրբեջանական MeydanTV համացանցային ռեսուրսին հղումով գրում է Panorama.am-ը:

Ըստ նյութի` հետազոտությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` Ադրբեջանի ԶՈւ կորուստները (մարտական ու ոչ մարտական) աճել են: Համեմատելու համար զեկույցում մեջբերվում է 2014-ի առաջին երեք ամիսների կորուստների թիվը, որը կազմել է 16 զոհ:

Զեկույցում նշված է, որ մարտական կորուստների աճի պատճառն առաջնագծում լարվածության սաստկացումն է, իսկ ոչ մարտականներինը` ադրբեջանական բանակում զինծառայողների կանոնադրական հարաբերություններում խորացող խնդիրները: Ընդ որում, ընդգծվում է, որ իրականում ադրբեջանական զինուժի կորուստների իրական թիվը` անգամ իրական պատկերին հնարավորինս մոտ, այս պահի դրությամբ անհնար է ասել, քանզի դրանց կոծկումների դեպքերն էլ ավելի հաճախակի են դարձել անցած տարիների համեմատ: Անդրադառնալով սույն թեմային` զեկույցի հեղինակները նկատում են, որ ՊՆ-ն, փակելով տեղեկատվական դաշտը, փորձում է չեզոքացնել հասարակության կողմից հավանական հակազդեցությունը, թաքցնել անգամ պաշտպանական ծախսերի աճի պայմաններում բանակում առկա խնդիրները և վերջապես այդպիսով սատարել «պատերազմին պատրաստ լինելու» մասին քարոզչական թեզի տարածումը: «Խոսքը ռազմական գաղտնիքի մասին չէ: Մենք խոսում ենք զուտ պարզ ու բնական` հասարակությանն իրազեկման մասին, ինչի իսպառ բացակայության հետևանքով էլ բնակչության շարքերում ծագում է տեղեկատվական քաղց»,- ասված է զեկույցում:

Զեկույցի հեղինակներն ամփոփում են` նշելով, թե Ադրբեջանի պետբյուջեի միջոցների շուրջ 20 տոկոսը հատկացվում է պաշտպանական ծախսերին, հետևաբար ՊՆ-ն պարտավոր է հաշվետու լինել հասարակության առաջ, սակայն այլ պատկերի են ականատես լինում. Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը զբաղված է կորուստների ու ապօրինությունների կոծկմամբ, ավելին` իրավիճակը հասել է նրան, որ հարկադրում է էլետրոնային լրատվամիջոցներին հեռացնել սեփական աղբյուրներից քաղված տեղեկությունները ԶՈւ կորուստների վերաբերյալ: Բոլորովին վերջերս ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը հաղորդել էր Ադրբեջանի ԶՈւ չհաստատված կորուստի մասին: Լուրն արտատպել են մի շարք իշխանամետ ԶԼՄ-ներ, սակայն արդեն հաջորդ օրը` կեսօրին, հրապարակումը սկզբնաղբյուրից, ինչպես և իշխանությանը սատարող լրատվամիջոցներից հեռացվել էր:

Ավելի վաղ արդբեջանական Moderator.az լրատվակայքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Ջալիլաբադի շրջանի զորամասերից մեկի զինծառայող Յուսիֆով Սեմերխան Էթիբար օղլուն սպանվել է ծառայակցի գնդակից։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն այս տեղեկությունը որևէ կերպ չէր մեկնաբանել, իսկ հաջորդ օրը հրապարակումն արդեն հեռացված էր կայքից։

Համանման մի դեպք էլ արձանագրվել է մարտի 26-ին, երբ ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի էր դարձել, որ հայկական ուժերի հետ շփման գծում սպանվել է պայմանագրային զինծառայող Քազըմով Էթիբար Խուդավի օղլուն։ Տեղեկությունը մարտի 26-ին տեղադրվել էր նաև ադրբեջանական «Յենի Մուսավաթ» թերթի կայքում, սակայն քիչ անց այն հեռացվել էր՝ կրկին հասանելի մնալով միայն Google որոնողական համակարգի տվյալների բազայում։ Հաջորդ օրը՝ մարտի 27-ի կեսօրին, Ադրբեջանի ՊՆ-ն այդուհանդերձ հարկադրված եղավ ընդունել մարտական կորստի փաստը, սակայն միայն այն բանից հետո, երբ տեղեկությունն այդ մասին բավական լայն տարածում ստացավ սոցցանցերում:

2015-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պետական մարմինները հաստատել են 13 զինծառայողների մահվան մասին տեղեկությունները: Ըստ պաշտոնական տվյալների` նրանցից 9-ը ոչնչացվել են առաջնագծում մարտական պայմաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---