Իրանի նախագահը նոր պայմաններ է առաջ քաշել միջուկային գործարքը կնքելու համար

Իրանի նախագահը նոր պայմաններ է առաջ քաշել միջուկային գործարքը կնքելու համար

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ կստորագրի ուրանի հարստացման վերաբերյալ համաձայնագիրը միայն այն դեպքում, եթե պատժամիջոցներն անհապաղ չեղյալ համարվեն, հայտնել է Reuters-ը:

Պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում Իրանի նախագահն ասել է, «Մենք կստորագրենք համաձայնագիրը միայն այն պայմանով, որ պատժամիջոցները հանվեն նույն օրը…Մեզ պայմանագիր է հարկավոր, որը շահավետ կլինի բանակցություններին մասնակցող բոլոր կողմերի համար», գրում է Լենտա.ռու-ն: Ռոուհանիի այդ հայտարարությունը հակասում է «վեցյակի» հետ բանակցություններում Լոզանում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց համաձայն պատժամիջոցները հանվելու են միայն եզրափակիչ համաձայնագրի կնքումից 9 ամիս անց:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները «վեցյակի» (ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) և Իրանի միջև վերսկսվեցին 2013-ին, երբ նախագահ դարձավ Հասան Ռոուհանին: Նա խոստացավ, որ քայլեր կձեռնարկի դուրս բերելու համար երկիրը միջազգային մեկուսացումից: Ակնկալվում է, որ մարտի վերջին շրջանակային համաձայնագիր կստորագրվի Թեհրանի հետ, իսկ մինչև հունիսի 30-ը՝ վերջնական:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Մեկ տարի անց համաձայնագիր դեռ մշակված չէր, գոյություն ունի միայն «գործողությունների միջանկյալ պլան»: Կողմերը երկարացրել են բանակցությունները մինչև 2015-ի հունիսի վերջ:

Ապրիլի սկզբին Իրանը և «վեցյակի» երկրները (ԱԽ 5 անդամ + Գերմանիա) կարողացան համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապագա համաձայնագրի սկզբունքային պարամետրերի առումով: «Լոզանում պայմանավորվել են միջուկային ծրագրի շուրջ ապագա համապարփակ համաձայնության հիմքը դնել, որը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 30-ը»,-հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Սակայն արդեն այժմ առանցքային միջազգային խաղացողները պատմական են համարում ձեռք բերված համաձայնությունը և համարում են, որ կարելի է խոսել մեծ հաջողության մասին: «Վստահ եմ, որ մենք կարող ենք ցուցյ տալ, որ համաձայնությունը լավ է ԱՄՆ և ողջ աշխարհի անվտանգության համար»,-հայտարարեց մասնավորապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Մինչդեռ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարեց, որ Իրանը երեք ամիսը մեկ զեկուցելու է գործակալությանը իր միջուկային ծրագրի մասին: «Եթե ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցները հակասություններ հայտնաբերեն ու կասկածներ ունենան, ապա կարող են օբյեկտ այցելելու թույլտվություն խնդրել և Իրանը պետք է որ տա նման թույլտվություն»,-ասել է կառույցի ղեկավարը: Միջազգային տեսուչները կկարողանան ստուգել Իրանի տարածքում գտնվող ցանկացած միջուկային օբյեկտ՝ զգուշացնելով իշխանություններին այցից երկու ժամ առաջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---