«Մեկ երեխա-մեկ համակարգիչ». Աշակերտներն անվճար Armtab պլանշետ կստանան

«Մեկ երեխա-մեկ համակարգիչ». Աշակերտներն անվճար Armtab պլանշետ կստանան

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին կառավարությունը հավանություն է տվել առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու` «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագրի փորձնական փուլին։

Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը նշել է, որ ծրագրի փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվելու է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով, ծրագրի շրջանակներում՝ տեղական արտադրությունը խթանելու նպատակով աշակերտներին անհատույց տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ, որոնք ձեռք են բերվելու «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ մեկ աղբյուրից գնման եղանակով:

Ըստ փոխնախարարի, ծրագիրը բացառաապես կրթական նպատակ ունի և փորձնական փուլն առաջինը կիրականացվի Վայոց Ձորի մարզում, հայտնում է Tert.am-ը:

«Այս ծրագիրը, որ խնդիրներ չառաջանան, պետք է լինի թափանցիկ, որովհետև մամուլում արդեն հոդվածներ կան»,-ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

2013-ի ավարտին հայտնի դարձավ, որ Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies ընկերությունը Հայաստանում առաջին հայկական պլանշետների արտադրություն է նախաձեռնել: Արտադրության շրջանակում արդեն կան Android համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոն (Armphone):

Որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն արվում է Հայաստանում, իսկ հավաքվում ԱՄՆ–ում և Հոնկոնգում:

Երկրի ներքին շուկայում ու տարբեր ոլորտներում այդ պլանշետների կիրառումից բացի միջազգային շուկա դրանց արտահանումը կազմակերպելու հեռանկարներ կան: Սկզբնական փուլում նախատեսում են ամսական 30–50 հազար պլանշետ արտադրել, այնուհետև ամեն ինչ կախված կլինի պահանջարկից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---