2019-ին էլէներգիան 2.5 դրամով կթանկանա, երբ սկսվի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վարկի վերադարձը

2019-ին էլէներգիան 2.5 դրամով կթանկանա, երբ սկսվի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վարկի վերադարձը

PanARMENIAN.Net - ԱԺ-ն ապրիլի 29-ին սկսել է քննարկել ՀՀ և ՌԴ միջև Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագրի վավերացման մասին հարցը:

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը նշել է, որ համաձայնագրով կկարողանան կազմակերպել երկարաձգման աշխատանքները, ինչպես նաև՝ լիազոր կազմակերպությունների միջև կկանոնակարգվեն բոլոր իրավահարաբերությունները: «Գործընթացը տեղի կունենա երկու փուլով: Սկզբում զննելու ենք հիմնական սարքավորումների իրավիճակը ու վերլուծական աշխատանքների հիման վրա լինելու է շահագործման ժամկետի երկարաձգումը, իսկ ապա, թե որքան կարժենա այդ ծրագիրը: Ծրագրով նախատեսված է՝ եթե բարեհաջող ավարտվեն աշխատանքները ու գնահատականներն էլ դրական լինեն, ապա մինչև 2026թ. ներառյալ կտանք շահագործման լիցենզիա», - ասել է Գալստյանը, գրում է «Ա1+»-ը: ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հետաքրքրվել է դրամական հոսքերի ու վարկերի մասին. «Արդյոք եղե՞լ են խորը ուսումնասիրություններ՝ պե՞տք են այդ ներդրումները: Եթե դրանք չլինեին, ի՞նչ վիճակում կլիներ ատոմակայանը»:

2015 թվականի փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրվել է «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանի տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Փաստաթղթով նախատեսվում է, որ ռուսական կողմը ՀՀ-ին կտրամադրի մինչև 270 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ Հայաստանի տարածքում Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար:

Արեգ Գալստյանը հայտարարել է, որ իրենք ունեն ծրագրավորման հնարավորություններ, որով հաշվարկում են միջնաժամկետ ու երկարաժամկետ տարբերակներով, թե էներգաբլոկն ինչպես պետք է աշխատի՝ այս կամ այն հզորությունների պարագայում. «Մենք ստիպողաբար ենք այդ գումարներն ու ներդրումներն արել, քանի որ ապագայում բազիսային ռեսուրսների լուրջ պակասուրդ կունենայինք, մանավանդ եթե մեկ այլ էներգաբլոկ չկառուցվի այդ ընթացքում: Այդ դեպքում ջերմային կայանների օգնությամբ պետք է լրացնեինք էներգիայի այդ պակասուրդը»: Նա հիշեցրել է, որ ատոմային էներգիան արժեր 11 դրամ 1 կՎտ/ժ-ը, իսկ ՋԷԿ-երի էներգիան՝ 31 դրամ. «Ստիպված ենք լինելու օգտագործել թանկ էլեկտրաէներգիա: 2019-ին, երբ սկսենք վերադրաձնել վարկը, ապա էլեկտրաէներգիան 1 կՎտ/ժ-ի համար 2.5 դրամով կթանկանա՝ ներառյալ ԱԱՀ-ն»: Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման մասին Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարին հարց է ուղղել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Սոցիալական կատաստրոֆիկ վիճակում գտնվող քաղաքացու համար այսօր դա թիվ մեկ խնդիրն է»,- ասել է Զոհրաբյանը, գրում է Panorama.am-ը:

Գալստյանը պատասխանել է, որ սակագինը որոշող իրավասու մարմին կա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը ստանալով հայտեր շուկայում մասնակից ընկերությունների կողմից՝ որոշում է այդ առաջարկությունները ընդունել, թե ոչ:

«Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել կբարձրացնեն, թե ոչ: Ամեն տարի նման քննարկում լինում է, հայտեր են ստանում նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ, որոնք անդրադարձ են ունենում սակագնի վրա»,- ասել է փոխնախարարը: Զոհրաբյանը նաև հետաքրքվել է ատոմակայանում նախորդ տարի արձանագրված չարաշահումներից, որոնց արդյունքում ձերբակալվել էր ատոմակայանի փոխտնօրենը: 2014-ի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործի շրջանակներում կալանավորվել է «Հայաստանի ատոմակայան» ընկերության նախկին կոմերցիոն փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը՝ մեղադրվելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու` փողերի լվացման մեջ։ Իսկ դրանից օրեր առաջ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Գագիկ Մարկոսյանը։

«Լրջագույն սկանդալներ եղան ատոմակայանի հետ կապված, արդյոք ձեր նախարարությունը հաշվարկել է, թե որոշ պաշտոնյաների այդ ոլորտում արված չարաշահումների արդյունքում որքա՞ն վնաս են հասցվել պետությանը, քանի որ, ի վերջո, պետության հասցված վնասը փոխհատուցում է քաղաքացին»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: Գալստյանը նշել է, որ համապատասխան կոմպետենտ մարմինները շարունակում են գործի քննությունը, որը դեռևս ավարտված չէ, որպեսզի եզրակացություն անեն, թե ինչ չափի վնաս է հասցվել կառույցին: «Ես չեմ կարող գնահատական տալ»,- ասել է նա: Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է. «Վաղուց ժամանակն է, որ մեր երկրում ռեալ գործի պատասխանատվության ինստիտուտը: Հանրությունը պետք է իմանա, թե ինչ չարաշահումներ են եղել ատոմակայանում և կոնկրետ մարդիկ պետք է ստանան իրենց պատիժը»:

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել՝ շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016-ի սեպտեմբերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---