Նախարար․ Ներքին սպառման համար գազի սակագնի մասին հայտարարություն չի եղել

Նախարար․ Ներքին սպառման համար գազի սակագնի մասին հայտարարություն չի եղել

PanARMENIAN.Net - Հայաստան ներմուծվող ռուսական գազի սակագնի նվազման հետ կապված փաստաթղթային որևէ ձևակերպում առայժմ չկա։ Ներկայումս ընթանում են համապատասխան աշխատանքներ, որպեսզի այն ձևակերպվի։ Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովի և կառավարության միջև հարց ու պատասխանի ընթացքում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի հարցին։

«Այո, լրատվամիջոցներում եղան հրապարակումներ, որ գազի սակագինը սահմանի վրա նվազել է 25 դոլարով։ Դա երկու երկրների՝ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների և ղեկավարների հանձնարարությամբ ընթացող՝ մոտ 2-2,5 ամսվա բանակցությունների արդյունք է։ Սակայն ներքին սպառողի համար գազի սակագնի պահպանման հետ կապված պետական որևէ հայտարարություն որևէ տեղ չի եղել, չի ասվել այն մասին, որ գազի սակագինը սպառողի համար անփոփոխ է մնում»,- ասաց Զախարյանը։

Նախարարը շեշտեց՝ դրա համար կա հատուկ մարմին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և հավանաբար գազի սակագնի նվազման վերաբերյալ համապատասխան փաստաթղթային ձևակերպումներից հետո հանձնաժողովի կողմից կկատարվեն ուսումնասիրություններ, վերլուծություններ, ապա կարվեն հայտարարություններ։

Պատասխանելով դիտարկմանն այն մասին, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը նշել է՝ ներքին սպառման շուկայի համար սակագնի փոփոխություն չի լինի՝ նախարարը նշեց․

«Ընկերության ներկայացուցչի հայտարարությունը նշանակում է, որ նրանք հավանաբար պատրաստվում են իրենց հիմնավորումները ներկայացնել Հանձնաժողովին։ Ընդամենը դա։ Ներկայացնելուց և Հանձնաժողովի ուսումնասիրություններից հետո կլինի համապատասխան հայտարարություն։ Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ պետական մակարդակով որևէ հայտարարություն առայժմ չկա»։

Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան ներկրվող գազի սակագնի նվազեցման շուրջ. Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց։ Այսօր Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը 189 դոլար է` 1000 խորանարդ մետրի դիմաց:

Գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ, ասել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը։«Մեկ անգամ չէ, որ մենք խոսել ենք փոխարժեքի տատանման հետ կապված ընկերության կրած վնասներից. ինչպես գիտեք, գործող սակագնի հիմքում ընկած է 416 դրամ՝ դոլարի հարաբերակցությամբ, իսկ ներկայիս Կենտրոնական բանկի հրապարակած կուրսն արդեն նկատելիորեն տարբերվում է սակագնայինից։ Մեր դիտարկումներով՝ սահմանին գազի գնի նվազումը մեծ հնարավորություն կտա գնահատել ֆինանսատնտեսական վիճակը և չդիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սակագինը վերանայելու համար: Դա նշանակում է, որ սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ», - ասել է Սարդարյանը, գրում է «Ազատություն»-ը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---